Բրյուսովի ուսանողները վճռական են տրամադրված
Այսօր ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ու նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դասախոսներին ներկայացրել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին: Մանուկ Մկրտչյանը հայտնել է, որ Գասպարյանը կզբաղեցնի պաշտոնը մինչև սահմանված կարգով անցկացվի ռեկտորի ընտրության մրցույթ, որին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները: Իսկ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հեռացման որոշումից դժգոհ ուսանողները չեն դադարեցնում պայքարը հանուն նրա վերադարձի և այսօր կազմակերպել են հավաք համալսարանի բակում, ապա շարժվել են դեպի կառավարության շենք: «Այս պահից սկսած մեր կարգախոսը դառնում է «ՉԿԱ ԶՈԼՅԱՆ, ՉԿԱՆՔ ՄԵՆՔ», և այդ պահից մեր պայքարը տեղափոխվում է փողոց, այնքան ժամանակ, մինչև մենք չհասնենք մեր օրինական պահանջի կատարմանը»,- ասված է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ: Ուսանողները հանդես են գալիս «չենք հանձնվելու», «ազատ, արդար Բրյուսով», «Զոլյան. Բրյուսովը ձեզ հետ է» կարգախոսերով: Կառավարության շենքի մոտ ուսանողները հանդիպում են պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն նրանց լսել է կառավարության քաղաքացիների ընդունելության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նշել է, թե վարչապետն արդեն մեկ անգամ ընդունել է ուսանողներին, լսել նրանց պահանջները: Բրյուսովի ուսանողները հայտարարել են, որ վաղվանից դասադուլ են սկսելու: Այսօրվա ցույցին Լեզվաբանական համալսարանի ուսանողներին սատարել են նաև այլ բուհերի ուսանողներ: Բողոքի երթով այնուհետեւ ուսանողները շարժվել են դեպի կրթության ու գիտության նախարարության շենք, որի դիմաց շարունակել են իրենց բողոքի գործողությունները, ուսանողները պահանջել են հանդիպում նախարար Արմեն Աշոտյանի հետ, սակայն նախարարը ներքեւ չի իջել, փոխարենը ուսանողների հետ երկխոսության ուղարկել է նախարարության փաստաբանին ու բուհական հարցերով պատասխանատուին, վերջիններս ուսանողներին խորհուրդ են տվել հարցը վիճարկել դատարանում:Որպես բողոքի նշան վերջում համալսարանի աղջիկները ծաղիկներ են դրել նախարարության շենքի դիմաց, ու նշել, որ ծաղիկները նվիրում են անձամբ նախարար Աշոտյանին:
Комментариев нет:
Отправить комментарий