суббота, 19 мая 2012 г.

TV ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ | ՍԻՐԱՆԿՅՈՒՆ


Ժամանակին մարդկանց վերացնում էին, հիմա առնում են. ռեփեր Հայկո

«Առաջին լրատվական»-ի  Սիրանկյուն հաղորդաշարի  զրուցակիցն է ռեփեր Հայկոն: Նրա Antisystem  երգը մի քանի օր է համացանցում է: Այն նվիրված է Մաշտոցի պուրակի հաղթանակին, բրյուսովցիների պայքարին և առհասարակ ազատությանը:

 - Հայկո, ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Մաշտոցի պուրակին, բրյուսովիցների պայքարին: Ինչո՞ւ որոշեցիք երգով կոչ անել հանուն ազատության, համակարգային փոփոխությունների, սոցիալական խնդիրների:

 - Նախ ասեմ, որ այս տիպի երգեր շատ եմ ունեցել: Իմ այլընտրանքային աշխարհայացքը ձևավորվել է մի քանի տարի առաջ, և մի քիչ ավելի խորն եմ նայում երևույթներին: 2009-ին լույս տեսավ իմ «Քուանշ» ալբոմը, որտեղ դարձյալ կային նմանատիպ թեմաներ: Antisystem-ի  տարբերությունն այն է, որ կան արդեն հաղթանակներ՝ Մաշտոցի պուրակի շարժումը, և հիմա էլ բրյուսովցիների կողմից էլ եղավ առաջարկ, որ ինչ-որ երգ լինի, որ իրենց ոգեշնչի, և ես որոշեցի ավելի գլոբալացնել թեման, բայց նաև անդրադառնալ իրենց խնդիրներին:

 - Ըստ Ձեզ, ինչի՞ պայքար էր Մաշտոցի պուրակը՝ հանրային տարածքի՞, կրպակների ապամոնտաժմա՞ն, թե՞ առավել համակարգային խնդիր էր դրվում:

 - Ես մարդու ազատության կողմից եմ, այն ազատության, որը մարդն իրոք իրավունք ունի ունենալ, մանավանդ որ դա օրենքի սահմանների մեջ է, բայց ես անարխիայի կողմնակից չեմ: Շատերը մտածում են, որ եթե մարդկանց ազատության տաս, կվերածվի քաոսի, ես այդպես չեմ մտածում: Եթե մարդուն ճիշտ կրթես, եթե մարդն իմանա իր բարոյական սահմանները, ոչ մի քաոս չի լինի, կլինի մի ուրիշ աշխարհ, մի ուրիշ ազատություն:

 - Մենք Հայաստանը հռչակել ենք ազատ, ինքնիշխան: Ըստ Ձեզ` որքանո՞վ է ընկալվել հասարակության կողմից:

 - Եկեք քաղաքական ազատությունը չխառնենք մարդու ազատության հետ: Դրանք տարբեր բաներ են: Անկախ պետություն ենք, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդն անկախ է, և չի էլ կարող լինել անկախ մեր պետությունը, քանի որ շատ փոքր է, մենք չունենք այդքան ռեսուրսներ, որ տարանջատվենք մնացածից:

 - Իսկ քաղաքացիական նախաձեռնությունների ուղղությամբ ի՞նչ առաջընթաց կա այս ուղղությամբ:

 - Սկիզբը հենց Մաշտոցի պուրակից կարելի է համարել: Գուցե մինչև այդ դեպքեր եղել են, բայց մենք չենք իմացել դրա մասին, քանի որ երկար ժամանակ տեղեկատվությունը միայն քառակուսի սարքի միջոցով էր գալիս հասնում մեզ, իսկ հիմա մենք ունենք այլընտրանքային լրատվամիջոցներ: Իմ կարծիքով` ինտերնետը հրաշք է, որը հնարավորություն է տալիս ճշմարտություն բացահայտել: Օրինակ՝ երբ մի լուր եմ իմանում, մի տասը աղբյուր համադրելով կարողանում եմ ինձ համար պարզել ճիշտը:

 - Երգում կան հետևյալ տողերը` «Մինչև դուք ընդեղ հավատում եք, որ փոխեք, մենք արդեն համախմբվել ենք, որ հեղափոխենք»: Սա այն ճանապարհն է, որը տանում է հեղափոխությա՞ն: ՀՀԿ-ի կարգախոսը փաստորեն Ձեր սրտո՞վ չէր:

 - Դա ընդամենը կարգախոս է, իսկ ես կարգախոսներին  մատների արանքով եմ նայում, և ընդհանրապես պետք չէ, որ հասարակ մարդը խորանա քաղաքականության մեջ: Մենք մեր գործերը թողած՝ ընկնում ենք քաղաքականությամբ ենք զբաղվում:

 - Մի քանի տարի է՝ ասում էին «արաբական գարնան» ալիքը կգա Հայաստան, բայց մեծ հաշվով այդպես էլ չեկավ, ինչո՞ւ չեկավ և, ըստ Ձեզ, արդյոք կգա՞:

 - Ինձ թվում է՝ կգա: Արդեն սկսվել է շարժումը, և գնալով բանակը մեծանում է, մարդիկ գնալով արթնանում են, մանավանդ երիտասարդությունը, բայց իմ կարծիքով՝ դեռ շատ աշխատանքներ պետք է կատարել: Ամենակարևորը` այս ամենը չմարեցնելն է, եթե կողմնակի ուժերի միջամտությամբ (արդեն գիտեմ, որ կա այդ պրոցեսը) դա մարվեց, կարող է հետագայի վրա մեծ հետևանքներ ունենալ, և դրանից հետո դժվար թե նոր սերունդը կարողանա ինչ-որ բան նախաձեռնել: Քանի տաք ենք, պետք է ինչ-որ մի բան անել, բայց ամեն ինչը պետք է լինի օրենքի սահմաններում: Բոլորս էլ այս համակարգի մեջ ենք, համակարգն ունի օրենքներ, մենք կարող ենք այդ օրենքի շրջանակներում թելադրենք մեր օրենքները:

 - Երգում խոսում եք նաև համբերատարության մասին. «Համբերատար ենք, գլուխներս կախ, համբերատար ենք, թաքցնում ենք մեր վախը, կարանք անենք այսօր, թողնում ենք վաղը, մեր հոգին թաղած ա, բայց հըլը սաղ ա, համբերությունը վտանգավոր բան ա, ոնց որ հրաբուխի տաք շիկացած լավան, մի օր տրաքելու է, ազատությունը հոգու մեր օգուտն ա ու շահը»: Ինչո՞ւ ենք այսքան հարմարվող և համբերատար:

 - Իմ կարծիքով` չտեղեկացված լինելն է պատճառը: Մեզնից մեծ սերունդն այլ աշխարհայացք ունի: Այն դիկտատուրան, որ այն ժամանակ էր եղել, ինֆորմացիայի սուղ լինելու պատճառով վախ կա, իրենց շատ դժվար է այլ բան համոզել: Իսկ երիտասարդությանը շատ է օգնում ինտերնետը, որը ցույց է տալիս, որ նպատակին հասնելու շատ ճանապարհներ կան:

 - Ինչո՞ւ է հեղափոխությունն ուշանում:

 - Կարելի է ասել՝ կախված է ամեն ինչից. և՛ սերունդը պետք է համախմբվի, և՛ յուրաքանչյուրը հասկանա իր ներսում ճիշտն ու սխալը, արթնանա ու չվախենա իր կարծիքն արտահայտելուց, կա լիդերի խնդիր, մեզ լուրջ լիդերներ են պետք,  լիդերներ, որոնք չեն ծախվի, քանի որ հիմա ամենամեծ վտանգը չծախվելն է: Ժամանակին մարդկանց վերացնում էին, հիմա առնում են: Շատ դժվար է չծախվելը, բոլորս էլ մարդ ենք, ունենք ֆինանսական խնդիրներ,  գայթակղությանը շատ դժվար է դիմակայել, մանավանդ եթե ունես ընտանիք, արդեն կշեռքի վրա ես դնում՝ մնա՞լ ժողովրդի հետ, թե՞ գումարը վերցնել: Այնպես որ, մարդը շատ մեծ կամքի ուժ պետք է ունենա, որ այդ շարժումն առաջ տանի:

 - Facebook սոցիալական ցանցում հետընտրական տրամադրությունները շատ երիտասարդների մոտ առաջացրել են երկիրը լքելու մեծ ցանկություն: Ձեզ մոտ եղե՞լ է նման ցանկություն:

 - Ինձ մոտ ցանկություն չի առաջացել: Ամենահիմնական պատճառն այն է, որ այնպես չէ, որ դրսում ուրիշ համակարգ է, այնտեղ ավելի մտածված համակարգ է, առաջին հայացքից դա չի երևում, քեզ թվում է՝ այդ երկիրը քեզ գրկաբաց ընդունում է, բայց կյանքի ընթացքում հասկանում ես, որ նույն մակարդակի երջանիկ կարող էիր այստեղ լինել: Մեզ մոտ բարդակ, բեսպրեդել է, բայց ըստ իս, դա ավելի լավ է, քանի որ դու թափանցիկ տեսնում ես՝ ինչ է համակարգում կատարվում: Դրսում օլիգարխը չի ցույց տալիս իր օլիգարխությունը, որովհետև վտանգավոր  է:

 - Հնարավո՞ր է` Ձեր երգը տարբեր համալսարանների ուսանողներին դուր գա ու վարակի պես տարածվի, և երիտասարդությունը ոտքի կանգնի:

- Ազատ ուսանողների ֆորումին արդեն տարբեր համալսարաններից են մարդիկ միանում, և կարծում եմ՝ այս երգից հետո կկրկնապատկվի այդ քանակը: Իսկ արձագանքները դրական են, 99 տոկոսով դրական են վերաբերվում: Եվ սա հուսադրող է, նշանակում է՝ մարդիկ կան, չեն զոմբիացվել 100 տոկոսով, կա փոքր տոկոս, որի մեջ մարդն է ապրում:

 - Երգում նաև նշվում է, որ ֆինանսական էլիտան մեզ դարձրել է զոմբի: Երգում տրվել է այն համապարփակ  նկարագրությունը, ինչ ունե՞նք մենք երկրում և ինչ  պետք է անե՞նք:

 - Ինձ մոտ կա ստրատեգիա, բայց դա իրագործելու համար կաթիլ առ կաթիլ, այդ մեխանիզմով կարելի է շարժվել, որովհետև միանգամից տալ մարդկանց ինֆորմացիա, որ այս աշխարհը փուչ է, և այն, ինչ գիտեք, սխալ է, սա մի քիչ վտանգավոր է, շատ մարդիկ հնարավոր է չկարողանան մարսել:

 - Հնարավո՞ր է՝ հենց այս երիտասարդներն էլ՝ Մաշտոցի այգու, Թռչկանի ջրվեժի, Թեղուտի պաշտպանության և այլն, լինեն նոր Հայաստան ստեղծողները:

 - Իմ երազանքն է, որ երիտասարդները լինեն նոր Հայաստանի ծնունդը: Նրանց նպատակները լավն են, դրա համար ամեն ինչով կփորձեմ օգնել:

 - Մաշտոցի պուրակի հաջողության գրավականը ո՞րն է:

 - Հաջողության գրավականը հենց իրենք երիտասարդներն են: Իրենք երեք ամիս շարունակ չհանձնվեցին, նպատակ դրեցին և հավատացին այդ նպատակին: Դա ամենակարևոր բանն է:

 - Սակայն Սերժ Սարգսյանը եկավ և նորի օրենքի լեզվով չխոսեց:

 - Մնացածը երկրորդական եմ համարում, որովհետև այն ամենը, ինչ արվում է քաղաքականության կողմից, արվում է ի շահ իրենց, բայց այս դեպքում փոխշահավետ բան եղավ. երիտասարդներն իրենց ուզածին հասան, քաղաքականությունն էլ` իր ուզածին: Պատահական չէր նախագահի՝ քաղաքապետի հետ այգի գալը: Պետք չէ խորանալ դրա մեջ, դա քաղաքական խաղ է: Դա մեզ չի հետաքրքրում:

 - Այս անգամ ընտրակաշառքների մասին ցանկություն չունեցա՞ք երգ երգել:

 - Իմ աշխարհայացքը ուրիշ է, ես ընտրություն ասվածին ուրիշ ձևով եմ նայում, մարդիկ չեն հասկանում` դա ինչ է իրականում: Դա նման է նրան, երբ հովիվների միջից ընտրում են ամենալավ ճիպոտն ունեցող հովվին: Ես չեմ ուզում ընտրել հովիվ և լինել հորթ: Ես մարդկանց պրոպագանդում եմ հեռու մնալ քաղաքականությունից և չլինել հորթ: Կարող է այդ կուսակցությունների մեջ լավ մարդիկ կան, բայց նրանք լավ մարդ լինելով չեն կարող փոխել համակարգը, իրենք արդեն հովիվ են աշխատում: Ինձ համար ընտրությունը անիմաստ պրոցես է, խաղ, և բոլորին կոչ եմ անում չմասնակցել այդ խաղին:

Առավել տխուրը Սուրեն Զոլյանի դիմումն էր

Ինքնաբացարկներ, հրաժարականներ, քաղաքական ասպարեզն ու քաղաքական գործընկերներին լքելու հայտարարություններ: Ահա մեր առօրյան: Ինչքան մեզանում բարդ է կայանալն ու առաջ գնալը, նույնքան հեշտ է տարիների ձեռք բերածից անսպասելի զրկվելը: Երբ չորս տարի իրար հետ ճանապարհ անցած քաղաքական ուժերը բաժանվում են եւ հայտարարում, որ անհաղթահարելի տարաձայնություններ ունեն, սակայն դա անում են այն բանից հետո, երբ պարզվում է, որ չեն արդարացել խորհրդարանական ընտրություններից ունեցած ակնկալիքները, հասկանում ես, որ մեզանում ոչ թե քաղաքական շարժառիթներն են դեր խաղում, այլ պարզ, մարդկային էմոցիաները: Այդ ինչպե՞ս պատահեց, որ ՀԱԿ-ի՝ ԱԺ անցած յոթ անձը դեմ չէ մանդատները վերցնելուն, իսկ այ, այդ գծից այն կողմում հայտնված անձինք դեմ են: Այս անձանց մեջ, անշուշտ, չի մտնում Արամ Սարգսյանը, ով հանգիստ կարող էր վերցնել մանդատն ու 5 տարի բազմել խորհրդարանի բազկաթոռներին: Սակայն կարծում եմ՝ այստեղ նույնպես դեր է խաղացել էմոցիան: Քանի որ «Հանրապետությունը» ոչ թե մեկ անձի կուսակցություն է, այլ խումբ մարդկանց, կուսակցության ղեկավարը պատասխանատվություն է զգում իր թիմի համար՝ եթե նրանք հայտնվել են քաղաքական լուսանցքից այն կողմում, ինքը չի ուզում միայն իր խնդրի լուծմամբ բավարարվել: Բայց այս հրաժարական-բացարկների մեջ առավել տխուրը Սուրեն Զոլյանի երեկվա դիմումն էր: Հետեւումդ ունենաս բրյուսովցիների այդպիսի պայծառ ու պայքարող բանակ եւ հրաժարվե՞ս պայքարից: Այս կոմֆորմիզմը, որը նստած է մեր ողնաշարի մեջ եւ որը թույլ չի տալիս, որ որեւէ դիմադրող օջախ գոյանա: Այս ծառայի, ստրուկի խեղճությունը, որը ստիպում է հաշտվել ամեն ինչի հետ՝ լինի ընտրությունների արդյունքներ, թե այլ անարդարություն, մեզ զրկում է ապագայի հեռանկարից,գրում է «Հրապարակը»

Սուրեն Զոլյանը դիմում է գրել՝ պրոֆեսորի աշխատանքից ազատվելու համար


Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմում է գրել իրենց ազատելու իր պրոֆեսորի աշխատանքից: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Սուրեն Զոլյանը:
 
«Համալսարանում ես ունեի երկու պաշտոն՝ ռեկտորի և պրոֆեսորի, ինչը իրականացնում էի քառորդ դրույքով: Բայց այն, ինչ-որ ես կարդում էի (նկատի ունի դասախոսելը - Tert.am) համապատասխանում էր ոչ թե քառորդ դրույքի, այլ կես դրույքի: Երբ որ ինձ ազատեցին ռեկտորի պաշտոնից, ինձ պետք է անմիջապես տեղափոխեին պրոֆեսորի կես դրույքի, ինչը չի արվել: Այդ հարցը բարձրացնելուց հետո, փոխանակ սխալը ուղղեին, փորձեցին պատժել ուսումնական գծով պրոռեկտորին: Մինչ օրս այդ հարցի կարգավորումը արված չէ»,-ասաց նա:

Սուրեն Զոլյանը նշեց, որ ըստ իր դիմումի՝ ինքը հրաժարվում է նման պայմաններում կատարել պրոֆեսորի պարտականությունները, որը ոչ մի ձևով ձևակերպված չէ: Միաժամանակ նա նշեց, որ իր որոշումը դեռևս վերջնական չէ:
«Ինձ խնդրել են հետ վերցնել, ես էլ եմ հակված հետ վերցնելուն, որպեսզի ուսանողները չտուժեն, բայց ես պայման եմ դրել, որ մեղավորները պետք է պատժվեն: Ես լսարան չեմ մտնի, քանի որ այդ մանր չինովնիկը սպասում է, որ ես իր մոտ մտնեմ և ասեմ՝ «ես համաձայն եմ, թույլ տուր ես գնամ լսարան»: Բայց ինքը պետք է պատժվի, որովհետև օրենքի կոպիտ խախտում է արել»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե ով է այդ մանր չինովնիկը, նա չցանկացավ պատասխանել, բայց ասաց, որ համալսարանում լավ գիտեն: Նա նշեց, որ իր այս քայլը պայքարի շարունակությունն է, և տեղեկացրեց, որ վերաքննիչ վարչական դատարանը առաջին նիստը նշանակել է հունիսի 14-ին, այնինչ համալսարանի ռեկտորի ընտրությունները հունիսի 12-ին են, որին Սուրեն Զոլյանը չի առաջադրվել:

«Եթե դատարանը օբյեկտիվ լինի, պետք է հետաձգի ռեկտորի մրցույթը: Իսկ եթե դատարանը իմ իրավունքները վերականգնի, մրցույթը կհայտարարվի չեղյալ, և ով որ ընտրվի ռեկտոր պետք է իր պաշտոնը ազատի»,- ասաց նա և ավելացրեց, որ հարցը պետք է լուծվի Հայաստանում, սակայն չի բացառում, որ քննարկման առարկա կդառնա եվրոպական կառույցներում։
Հիշեցնենք, որ 2012թ. ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն: Պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի` իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ապրիլի 17-ին հետևել է երկրորդը, այնուհետև նախարարի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:

Զոլյանը դիմում է գրել իրեն պրոֆեսորի աշխատանքից ազատելու համար


Որոշ լրատվամիջոցներ ոչ ճշգրիտ տեղեկատվություն են տարածել մայիսի 18-ին Սուրեն Զոլյանի` աշխատանքից ազատվելու դիմումի վերաբերյալ: Իրականում Սուրեն Զոլյանը ապրիլի 17-ին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ազատվել է ռեկտորի պաշտոնից` միաժամանակ մնալով ԵՊԼՀ լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնում համատեղության կարգով պրոֆեսոր, մինչդեռ նույն հրամանի համաձայն պետք է տեղափոխվեր պայմանագրային հիմունքներով աշխատանքի: ԵՊԼՀ ղեավարությունը և աշխատակազմը ոչ միայն ընթացք չեն տվել այդ գործընթացին, այլ ավելին, փորձել են իրենց պարտականությունների չկատարումը բարդել հենց այդ հարցը բարձրացնող պարկեշտ և բանիմաց աշխատակիցների վրա` մինչ օրս այդ հարցին չտալով և ոչ մի լուծում: Ելնելով օրինական ձևով չվավերացված պրոֆեսորի կարգավիճակից` Սուրեն Զոլյանը հրաժարվել է նման պայմաններում կատարել պրոֆեսորի իր պարտականությունները և սույն թվականի մայիսի 18-ին համապատասխան դիմում է գրել (դիմումը կցվում է):
Ավելացնենք, որ Սուրեն Զոլյանը չի ուզում հրաժարվել իր դասախոսություններից, բայց որպես իր վերադարձի նախապայման պահանջում է օրենքով սահմանված կարգով պատժել ԵՊԼՀ-ում իրենց պարտականություններում թերացող և ապօրինի գործունեություն ծավալող անձանց:
Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳ նախարարի` Սուրեն Զոլյանին ռեկտորի պաշտոնից ազատելու հրամանին, վերջինս, համարելով այդ հրամանը անօրինական, համապատասխան հայցադիմումներով դիմել է դատարան: Նշենք, որ ս.թ. հունիսի 14-ին վերաքննիչ վարչական դատարանում նշանակվել է առաջին դատական նիստը: Իսկ Սուրեն Զոլյանի այս քայլը հանուն խախտված իրավունքների պայքարի շարունակությունն է:

вторник, 15 мая 2012 г.

Համալսարանները պորճերի երեխաների համար զվարճանքի օբյեկտներ մի´ դարձրեք


Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և կառավարությունը 2 տարի առաջ որոշում ընդունեցին, որ Բուհերի պետ-պատվեր տեղերը կկրճատվեն 50%-ով: Արդյունքում պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, եթե նախկինում կային ամենաքիչը 10 անվճար տեղ, ապա  դարձավ` 5: Եվ ամենից հետաքրքիրը ԿԳՆ-ի բացատրությունն էր` անվճար տեղերը կրճատվում են այն պատճառով, որ 2010 թվականի շրջանավարտների և ընդունվածների քանակը, երկու անգամ քիչ էր նախորդ տարիներից: Իրականությունը սակայն այլ էր: Այո շրջանավարտների թիվը նվազել էր, բայց ոչ ԲՈՒՀ ընդունվողներինը: ԲՈՒՀ-երում ընդունելություն կատարվեց և ընդունվեցին ավելի քան նախկինում: ՀՀ կրթության մասին օրենքով, Հայաստանում բարձրագույն կրթությունը մրցութային է, և պետք է լինեն նաև անվճար տեղեր: Սակայն հենց կրթության մասին օրենքի խախտում է հենց անվճար տեղերի բացակայությունը: Օրինակ` ԵՊՀ իրավաբանության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում անվճար տեղերի բացակայությունը վկայում է օրենքի խախտման մասին: Եվ այսքանը քիչ չէր, հիմա էլ առանց, որևէ օրենք ընդունելու կրճատվում են մնացած քիչ անվճար տեղերը:
Այս տարվա ընդունելության համար բուհերում անվճար տեղերը խիստ նվազել են... նախկին 10 անվճար տեղերը դարձել են 5, 5-երը` 3.. և այս օրինաչափությամբ:
Մի բան ակնհայտ է, նախարարությունը հստակ քայլերով գնում է դեպի անվճար ուսման վերացմանը: Հետաքրքիր է ո՞ր մնաց սոցիալական երկիր սահմանադրական դրույթը:  
Զրկելով անվճար կրթությունից, սպանում եք անհատներին ու նոր դեմքերին: Միգուցե հենց սոցիալապես անապահով այն զանգվածի ներսում են թաքնված ապագայի գիտնականներն ու հանճարները, որոնց զրկելով կրթությունից, պատճառ եք դառնում հայ ժողովրդի կործանմանը: Համալսարանները դարձնելով հարուստների ու պորճերի երեխաների համար զվարճանքի օբյեկտներ, շատ բան կկորցնենք, սթափվե´ք: 
Շնորհակալ ենք ՀՏ ՀԱՅԿՈՅԻՆ այս գեղեցիկ ստեղծագործության համարը , որը նվիրել է Ազատ ուսանողների ֆորումին

Սուրեն Զոլյանը կտեղափոխվի արտասահմա՞ն

Շուտով Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրություններ են: Նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին պաշտոնանկ անելուց հետո այստեղ կրքերը դեռ շիկացած են: Բուհը բաժանված է երկու թեւի: Հիմնական թեւը դեռ պայքարում է Զոլյանի վերադարձի համար ու լեզու չի գտնում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանի հետ: Վերջինս իշխանության դրածոն է, ում հետ չեն համակերպվում Զոլյանի կողմնակիցները, թեեւ նա տարիներ շարունակ աշխատել է պրոռեկտոր: Թերեւս ստեղծված մթնոլորտի պատճառով էլ վերջինս ռեկտոր է միայն յուրայինների համար: Իսկ ճնշումները զոլյանականների նկատմամբ շարունակվում են. երեկ, անօրինական,  ոստիկանություն է տարվել  ուսանողներից մեկը` Միքայել Նազարյանը, սակայն Գասպարյանն այդ հարցով իրեն դիմած ուսանողներին ու դասախոսներին նախ ցուցումներ է տվել, որ դիմեն համապատասխան ֆակուլտետի դեկանատ, ապա ասել է, որ դա իր խնդիրը չէ:
Իսկ Միքայել Նազարյանը  ոստիկանություն է տարվել հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգի օրը տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործով` որպես վկա: Նրան հարցաքննելուց հետո բաց են թողել, բայց ըստ ամենայնի դեր են խաղացել ուսանողների աղմուկն ու քննչականի բակում հավաքվելը: Վերադառնալով ընտրություններին` նշենք, որ  կառավարությունն ու նախարարությունն ամեն ինչ անում են, որպեսզի Գայանե Գասպարյանն ընտրվի ռեկտորի պաշտոնում:
Երեկ Սուրեն Զոլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարությունը բուհի խորհրդի կազմում արդեն համապատասխան փոփոխություններն արել է: «Կառավարության որոշմամբ փոխվել է խորհրդի կազմը: Խորհրդի տեղերի 50 տոկոսը պատկանում է կառավարությանն ու նախարարությանը: Եվ որպեսզի  կանխատեսելի արդյունք լինի, կառավարության կողմից այն հիմնովին փոխվել է»,-ասաց Զոլյանը` ընդգծելով, որ ինքն այլեւս պատասխանատու չէ բուհում տեղի ունեցող իրադարձությունների համար, մասնավորապես ոստիկանություն բերման ենթարկված ուսանողի եւ այլ հարցերի:
Անդրադառնալով բուհում իր հետագա գործունեությանը` արդեն ոչ որպես ռեկտորի, ասաց, որ շարունակելու է դասախոսել: Միաժամանակ լուրջ առաջարկություններ է ստանում արտասահմանից, բայց կընդունի կարճաժամկետ դասախոսության առաջարկները. «Անկեղծ ասած, ես էդ տարիքին չեմ, որ գնամ, բայց ես ստանում եմ որոշակի առաջարկություններ, եւ բնական է, որ կարճաժամկետ դասախոսության հրավերը կընդունեմ: Համենայնդեպս ես իմ դասախոսական աշխատանքի շարունակությունը տեսնում եմ արտասահմանում»:
Թեեւ  Զոլյանի պաշտոնանկության հիմքը դրվեց իբր բուհում խախտումներ հայտնաբերելուց հետո, սակայն ակնհայտ էր, որ կառավարության հետ հակամարտությունը քաղաքական ենթատեքստ ուներ, չնայած Զոլյանն այս առումով լռում է. «Գիտեք ինչ, քաղաքական էր, թե չէ, նման հարցերը տվեք պարոն Աշոտյանին, ես ղեկավարվել եմ իր տված հրամաններով, ու ենթադրությունները, թե ով իր մտքում ինչ ուներ, դա թողնենք իրենց: Ես ուզում եմ, որ մեր հարաբերությունները մնան իրավական հարթության մեջ, ոչ թե քաղաքական, ներանձնական»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե պատճառը Զոլյանի պրոքոչարյանական  լինելն ու համառորեն ՀՀԿ շարքերում չընդգրկվելն էր, նախկին ռեկտորը մանրամասնեց. «Նույն ձեւով հիմա ինձ կարող են Լեւոն տերպետրոսյանական դեմք համարել, քանի որ ես իմ պաշտոնը ստանձնել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, շարունակել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ: Այսինքն, ես աշխատել եմ երեք նախագահների օրոք, ու այդ ամենը կապ չունի իմ աշխատանքային պարտականությունների հետ»: Նրա խոսքով, հարցը քաղաքականացնելով՝ ընդամենը ուշադրություն են շեղում:
Անդրադառնալով ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին, նշենք, որ նա թեեւ դեռ չի ընտրվել ռեկտոր, սակայն սկսել է կանոնակարգային փոփոխություններ իրականացնել: Զավեշտն այն է, որ նա սկսել է մարդկանց ազատ գրաֆիկով շարժվելու իրավունքի սահմանափակումից: Բուհում ելք ու մուտքի կոնկրետ ժամեր է սահմանել, ըստ որի՝ դասախոսներն ու ուսանողները իրավունք չունեն տվյալ ժամից ավելի մնալ բուհում: Գայանե Գասպարյանի` կանոնակարգի  այսօրինակ ստեղծագործական մոտեցումն առայժմ բուհում ծաղրուծանակի է արժանանում: