Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի համար կմրցի երկու թեկնածու. Սուրեն Զոլյանը նրանց մեջ չէ

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ԿԳՆ հայտարարած մրցույթին մասնակցելու համար այսօր` հունիսի 1-ին, երկու դիմում է ներկայացվել:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմում ներկայացնոցներն են` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանը եւ Գայանե Գասպարյանը, ով ներկայումս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է: Բուհի ռեկտորի թեկնածուների շարքում չկա Սուրեն Զոլյանի անունը:
Թեկնածուները բուհի կառավարման խորհրդին են ներկայացնելու իրենց զարգացման ծրագրերը, նրանք փակ քվեարկությամբ ընտրություն են կատարելու:
Մրցույթը կայանալու է հունիսի 12-ին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր էր:
Հիշեցնենք, որ ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ԿԳ նախարար ԱՐմեն Աշոտյանը երկու խիստ նկատողությունից հետո դադարեցրել էր բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները: Վերջինս դիմել էր դատարան, սակայն արդյունքի չէր հասել:
Ես մնում եմ Սուրեն Զոլյան, իսկ ինքը ընդամենը Արմեն Աշոտյանն է
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կրքերը գնալով բորբոքվում են: Թեեւ Զոլյանի հարցը Հայաստանում, ընդունված կարգով, լուծված է համարվում՝ նա ազատված է աշխատանքից, սակայն իրավիճակի հետ չի համակերպվում բուհի զոլյանական թեւը, ինչը բարդացնում է պաշտոնակատարի՝ Գայանե Գասպարյանի աշխատանքը: Չնայած բուհում տիրող իրավիճակին, հունիսի 12-ի ռեկտորի ընտրություններում առաջադրվել են ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, ինչպես նաեւ «Անանիա Շիրակացի» համալսարանի նախկին ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վաղարշակ Մադոյանը, ով բուհում ռուսաց լեզու է դասավանդում: Բրյուսովում վստահ են, որ «կընտրվի» իշխանության դրածոն՝ Գայանե Գասպարյանը: Իսկ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չի առաջադրել իր թեկնածությունը:
Նա իր չառաջադրվելու հանգամանքը մեկնաբանում է հետեւյալ կերպ. քանի որ իր հեռացման վերաբերյալ նախարարի հրամանն անօրինական էր, բնականաբար, անօրինական են հրամանի հետեւանքներն ու ռեկտորի մրցույթը, ինչին ինքը չի պատրաստվում մասնակցել: «Պարոն նախարարն էր ասում, որ դա իմ վերադարձի հնարավոր ճանապարհն է, եւ տրամաբանական է, որ նրանք ուզում են օրինականացնել իրենց անօրինական հրամանները»,-ասաց Զոլյանը:
Ավելին՝ նշեց, որ ինքը չի նահանջելու ու իր իրավունքները վերականգնելու է իրավական ճանապարհով: Եթե Հայաստանը վերջնականապես հուսահատեցնի, ապա կա Եվրադատարան, որտեղ դատավորները չեն թելադրվում Հայաստանի գործադիր իշխանության կողմից: Իսկ թե ընդհանրապես ինչպես է վերաբերվում առաջադրված թեկնածուներին, մանրամասնեց. «Վաղարշակ Մադոյանն իմ գործընկերն է, մեծ հարգանքով եմ վերաբերվում, երկար տարիներ եմ ճանաչում եւ, որպես մասնագետի, հարգանքով եմ վերաբերվում, ինչը չեմ կարող ասել ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ:
Թե ինչու է Մադոյանն առաջադրվել, ինձ համար անհասկանալի է»: Մեր այն հարցին, թե իր վերջնական նպատակը ո՞րն է՝ վերադարձնե՞լ ռեկտորի պաշտոնը, թե՞ ապացուցել իր անմեղությունը, ասաց. «Գիտեք ինչ, եթե Ձեզանից, ենթադրենք, ինչ-որ գումար են գողանում, սկսում են բացատրել՝ բա ձեզ պե՞տք է էդ փողը, դա մարդու կյանքը փչացնում է: Ասենք, տվյալ դեպքում շատ եմ լսել՝ բա քեզ պե՞տք է էդ ռեկտորի պաշտոնը… Գիտե՞ք ինչ, նախ թող վերադարձնեն գողոնը, հետո ես կորոշեմ, թե ինչպես վերաբերվեմ ռեկտորի պաշտոնին: Մենք պետք է կարողանանք ապացուցել արդարությունը, որը դաս կլինի նախարարներին, որովհետեւ իրենք սովոր են աշխատել անպատժելիության մթնոլորտում: Այսօր պարոն Աշոտյանին թվում է, թե ինքն է ինձ պատժել, բայց իրականում ես եմ իրեն պատժել, որովհետեւ ես մնում եմ Սուրեն Զոլյան, իսկ ինքը՝ ընդամենը Արմեն Աշոտյան»: