пятница, 8 июня 2012 г.


Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի համար կմրցի երկու թեկնածու. Սուրեն Զոլյանը նրանց մեջ չէ
Հունիս 01, 2012 | 21:22 
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ԿԳՆ հայտարարած մրցույթին մասնակցելու համար այսօր` հունիսի 1-ին, երկու դիմում է ներկայացվել:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմում ներկայացնոցներն են` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանը եւ Գայանե Գասպարյանը, ով ներկայումս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է: Բուհի ռեկտորի թեկնածուների շարքում չկա Սուրեն Զոլյանի անունը:
Թեկնածուները բուհի կառավարման խորհրդին են ներկայացնելու իրենց զարգացման ծրագրերը, նրանք փակ քվեարկությամբ ընտրություն են կատարելու:
Մրցույթը կայանալու է հունիսի 12-ին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր էր:
Հիշեցնենք, որ ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ԿԳ նախարար ԱՐմեն Աշոտյանը երկու խիստ նկատողությունից հետո դադարեցրել էր բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները: Վերջինս դիմել էր դատարան, սակայն արդյունքի չէր հասել:






Ես մնում եմ Սուրեն Զոլյան, իսկ ինքը ընդամենը Արմեն Աշոտյանն է




Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կրքերը գնալով բորբոքվում են: Թեեւ Զոլյանի հարցը Հայաստանում, ընդունված կարգով, լուծված է համարվում՝ նա ազատված է աշխատանքից, սակայն իրավիճակի հետ չի համակերպվում բուհի զոլյանական թեւը, ինչը բարդացնում է պաշտոնակատարի՝ Գայանե Գասպարյանի աշխատանքը: Չնայած բուհում տիրող իրավիճակին, հունիսի 12-ի ռեկտորի ընտրություններում առաջադրվել են ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, ինչպես նաեւ «Անանիա Շիրակացի» համալսարանի նախկին ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վաղարշակ Մադոյանը, ով բուհում ռուսաց լեզու է դասավանդում: Բրյուսովում վստահ են, որ «կընտրվի» իշխանության դրածոն՝ Գայանե Գասպարյանը: Իսկ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը չի առաջադրել իր թեկնածությունը:

Նա իր չառաջադրվելու հանգամանքը մեկնաբանում է հետեւյալ կերպ. քանի որ իր հեռացման վերաբերյալ նախարարի հրամանն անօրինական էր, բնականաբար,  անօրինական են հրամանի հետեւանքներն ու ռեկտորի մրցույթը, ինչին ինքը չի պատրաստվում մասնակցել: «Պարոն նախարարն էր ասում, որ դա իմ վերադարձի հնարավոր ճանապարհն է, եւ տրամաբանական է, որ նրանք ուզում են օրինականացնել իրենց անօրինական  հրամանները»,-ասաց Զոլյանը:
Ավելին՝ նշեց, որ ինքը չի նահանջելու ու իր իրավունքները վերականգնելու է իրավական ճանապարհով: Եթե Հայաստանը վերջնականապես հուսահատեցնի, ապա կա  Եվրադատարան, որտեղ դատավորները չեն թելադրվում Հայաստանի գործադիր իշխանության կողմից: Իսկ թե ընդհանրապես ինչպես է վերաբերվում առաջադրված թեկնածուներին, մանրամասնեց. «Վաղարշակ Մադոյանն իմ գործընկերն է, մեծ հարգանքով եմ վերաբերվում, երկար տարիներ եմ ճանաչում եւ, որպես մասնագետի, հարգանքով եմ վերաբերվում, ինչը չեմ կարող ասել ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ:
Թե ինչու է Մադոյանն առաջադրվել, ինձ համար անհասկանալի է»: Մեր այն հարցին, թե իր վերջնական նպատակը ո՞րն է՝ վերադարձնե՞լ ռեկտորի պաշտոնը, թե՞ ապացուցել իր անմեղությունը, ասաց. «Գիտեք ինչ, եթե Ձեզանից, ենթադրենք, ինչ-որ գումար են գողանում, սկսում են բացատրել՝ բա ձեզ պե՞տք է էդ փողը, դա մարդու կյանքը փչացնում է: Ասենք, տվյալ դեպքում շատ եմ լսել՝ բա քեզ պե՞տք է էդ ռեկտորի պաշտոնը… Գիտե՞ք ինչ, նախ թող վերադարձնեն գողոնը, հետո ես կորոշեմ, թե ինչպես վերաբերվեմ ռեկտորի պաշտոնին: Մենք պետք է կարողանանք ապացուցել արդարությունը, որը դաս կլինի նախարարներին, որովհետեւ իրենք սովոր են աշխատել անպատժելիության մթնոլորտում: Այսօր պարոն Աշոտյանին թվում է, թե ինքն է ինձ պատժել, բայց իրականում ես եմ իրեն պատժել, որովհետեւ ես մնում եմ Սուրեն Զոլյան, իսկ ինքը՝ ընդամենը Արմեն Աշոտյան»:

Комментариев нет:

Отправить комментарий