Եթե մասնակցեի մրցույթին, դրանով կճանաչեի հրամանիս իրավաչափությունը. Սուրեն Զոլյան
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմում չի ներկայացրել բուհի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, քանի որ վիճարկում է իր ազատման մասին նախարար Արմեն Աշոտյանի հրամանը:
«Անհասկանալի կլիներ, եթե միաժամանակ ես բողոքարկեի դատարանում այդ հրամանը և հրաժարվեի ենթարկվել այդ հրամանին, բայց մյուս կողմից էլ մասնակցեի և ճանաչեի դրա իրավաչափությունը»,- Tert.am –ի հետ զրույցում իրավիճակը մեկնաբանեց Սուրեն Զոլյանը:
Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով (հիմնավորումը՝ առանց նախարարի թույլտվության ՀՀ-ից բացակայելու համար Tert.am ) Սուրեն Զոլյանը ապրիլի 17-ին աշխատանքից ազատվեց, և բուհի ռեկտորի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել 2 թեկնածու՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը և Բրյուսովի ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը։ Լեզվաբանական համալսարանի ռեկտորի մրցույթը տեղի է ունենալու հունիսի 12-ին։
Ի պատասխան հարցին, թե, այսուհանդերձ, ռեկտորի երկու հավակնորդներից, ո՞րին է ավելի գնահատում, Սուրեն Զոլյանը նկատեց. «Հուսով եմ, որ դատական կարգով կհասնեմ նրան, որ օրենքը և իրավունքը կվերականգնվի և այդ դեպքում այդ երկու թեկնածուները, ընտրվելու դեպքում շատ անհասկանալի վիճակում կհայտնվեն. ստիպված կլինեն ենթարկվել դատարանի որոշմանը և թողնել իրենց պաշտոնը»:
Ինչ վերաբերում է երկու թեկնածուների գնահատականին, ապա Վաղարշակ Մադոյանը Սուրեն Զոլյանի կարծիքով՝ մի քանի գլուխ բարձր է Գայանե Գասպարյանից, «թե՛ բարոյական և թե՛ մասնագիտական համամասնությունների տեսանկյունից»: Բայց Սուրեն Զոլյանի գնահատմամբ՝ իր հենց այդ հատկությունների պատճառով էլ որևէ շանս չունի հաղթել մրցույթում:
Բուհի նախկին ռեկտորը հույս ունի, որ արդարությունը կվերականգնվի Հայաստանի դատական համակարգի կողմից: Եթե ոչ, ապա կգնա մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Սուրեն Զոլյանը հիշեցրեց նաև, որ իր հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանում է մյուս տարվա մարտին:
Комментариев нет:
Отправить комментарий