четверг, 14 июня 2012 г.

Աշոտյանը հրամանով ո՞ւմ է ազատել՝ փորձագետի՞ն, թե՞ ռեկտորին



Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, ժամը 10-ին սկսեց «Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումով նախնական դատական նիստը: Հայցադիմումն ուղղված է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ:
Սուրեն Զոլյանի ներկայացուցիչն է ճանաչված փաստաբան Լիանա Գրիգորյանը (հայտնի է ճանապարհային ոստիկանությանն առնչվող վերջին աղմկահարույց գործով), իսկ ԿԳ նախարարի ներկայացուցիչներն են Նորայր Հակոբյանը եւ Վահե Բավեյանը: Ռեկտորի ներկայացուցիչը ներկայացրեց հայցադիմումի առարկան, այն է՝ Զոլյանը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 6-ի 160-Ա եւ ապրիլի 17-ի 173 հրամանները, աշխատանքային պայմանագիրը եւ վճարել ապրիլի 17-ից պարապուրդի գումարը: Պատասխանողն առարկեց հայցի դեմ ամբողջությամբ: Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ Ս. Զոլյանը հանդիսացել է «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» փորձագետների կոմիտեի փորձագետ եւ որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է խարտիայի պարտավորությունները: Իսկ փորձագետ Սուրեն Զոլյանը այս տարվա մարի 19-23-ը գործուղման է մեկնել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք՝ մասնակցնելու փորձագետների կոմիտեի նիստին: Պատասխանող կողմը հաջորդ նախնական նիստին պետք է ներկայացնի հիմքեր, թե ինչու է ԿԳ նախարարը արգելել եւ կամ որ հիմքով է արգելել փորձագետին, այլ ոչ թե ռեկտորին մասնակցելու Ստրասբուրգում կոմիտեի նիստին: Ի դեպ, ԿԳ նախարարը օգտագործել էր «ոչ նպատակահարմար» բառակապակցությունը:
Դատավորը փորձում էր կողմերից ճշտել, թե ինչ հիմքերով են կողմերը վիճարկում «ռեկտորի լիազորությունները պրոռեկտորի վրա դնելու» ապրիլի 6-ի 160-Ա հրամանը, որով Սուրեն Զոլյանը ստացել էր խիստ նկատողություն: Մի դեպքում խոսք գնաց, որ Զոլյանը ընտրվել է որպես ռեկտոր եւ ոչ թե նշանակվել Արմեն Աշոտյանի կողմից: Հայցվոր կողմը հաջորդ նիստին դատարան կներկայացնի նաեւ ՀՀ կառավարության հանձնարարականը, որով հանձնարարվում է ԿԳ նախարարին աշխատանքային պայմանագիր կնքել ընտրված ռեկտորի հետ:


Ի դեպ, բավականին շատ էին կողմերի հղումները ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ըստ հայցվորի ներկայացուցչի՝ «ԿԳ նախարար Աշոտյանը որեւէ օրենքով լիազորված չէր թույլատրելու ռեկտորին՝ մեկնելու գործուղման կամ առարկելու դրա դեմ»: Պատասխանողի ներկայացուցիչները հայտնեցին, որ այս տարի ԿԳ նախարարի հրամանով Զոլյանին թույլատրվել է գործուղվել Լեռնային Ղարաբաղ՝ երկու օրով, ավելին՝ նրանք խոստացան հաջորդ նախնական դատական նիստին բերել ԿԳ նախարարի եւս 5 հրամաններ, որոնցով թույլատրվել է, որպեսզի Զոլյանը մեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու խարտիայի կոմիտեի նիստերին:
Դատարանն ուշադրություն հրավիրեց ռեկտոր եւ փորձագետ կարգավիճակների վրա, եւ պիտի ապացուցեն, թե ինչ իրավական հիմքերով պետք է ռեկտորին թույլատրվեր մեկնել Ստրասբուրգ:
Ի դեպ, Aravot.am-ին հայցվորի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը հայտնեց, որ խարտիայի 17 հոդվածի համաձայն՝ «Կոմիտեի անդամները պետք է նշանակվեն 6 տարի ժամկետով եւ պետք է ունենան վերանշանակվելու իրավունք: Այն անդամը, որն ի վիճակի չէ աշխատելու մինչեւ իր պաշտոնի ժամկետի ավարտը՝ կփոխարինվի: Կոմիտեի քարտուղարությունը պետք է ապահովվի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից»:
Հաջորդ նախնական դատական նիստին կողմերը կներկայացնեն ապացույցներ, հակափաստարկներ նաեւ լեզվաբանության ինստիտուտում ստուգումների ակտի վերաբերյալ, որը վերաբերվել է Զոլյանի կողմից «ոչ պատշաճ ներքին իրավական ակտեր» հաստատելուն, դասախոսի աշխատանքի ընդունելուն. «ով բազային գիտելիքներ չունի»:
Հուլիսի 2-ին, ժամը 14.30-ին կշարունակվի նախնական դատական նիստը, ինչը նշանակում է, որ կողմերը ներկայացնելու են ապացույցներ մինչեւ դատաքննություն սկսելը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

среда, 13 июня 2012 г.

Որքան շատ ձգձգեն դատավարությունը, այնքան շատ կներկայացնեմ ինչ է կատրվում իրականում:



Հունիսի  13-ին  «Նոյյան Տապան» լրատվական վերլուծական կենտրոնում պրոֆ. Սուրեն Զոլյան մամլո ասուլիս է տվել,  որտեղ  ծանոթացրել է դեպքերի զարգացմանը:
Քննարկվող թեման է ԵՊԼՀ-ի շուրջ ստեղծված  նոր զարգացումները. ԵՊԼՀ-ի նոր ռեկտորի ընտրություն և դատական նիստ ընդդեմ ՀՀ ԿԳՆ
Արհամարելով  էթիկայի և օրենսդրության տարրական պահանջները, դրսևորելով զուտ կամայական մոտեցումՀՀ ԿԳ նախարարը սեղմ ժամկետում` տարբեր ժամանակներում իբր թե կատարված կարգապահական զանցանքների հիմքով արձակել է երկու հրաման ԵՊԼՀ ռեկտորին կարգապահական տույժի ենթարկելու  վերաբերյալ, իսկ երրորդ հրամանով դադարեցրել է Ս.Զոլյանի հետ կնքված պայմանագիրը` ազատելով նրան ռեկտորի պարտականություններից, որից հետո, առանց համապատասխան լիազորության երկու անգամ խախտելով գործող օրենսդրությունը, նշանակել է ռեկտորի պաշտոնակատարներ։
Մինչև օրս  շարունակվում են  անօրինական  գործողությունների շարքը: Դրա վառ ապացույցը   հունիսի 12 իկայացած ԵՊԼՀ  ռեկտորի ընտրություններն էր, որը Ս.Զոլյանը   հիմնավորեց նրանով, որ  առնվազն 10 հոգի իրավունք չուներ մասնակցելու ընտրություններին. 6 հոգին  նախարարության կողմից ուղարկված չինովնիկներն են,    4-ը` ԵՊԼՀ շրջանավարտներ:
Սուրեն Զոլյանը որոշեց  չանդրադառնալ նախարարի <<գրագիտության>> մակարդակինսակայն   նշեց, որ  այդ մակարդակը գնալով ավելի ու ավելի  է զարմացնում իրեն:
Ասուլիսում հնչած, Աշխատանքային գրքույկում ինչ ձևակերպում  է արված հարցին, ԵՊԼՀ նախկին ռեկտորը պատասխանեց.  << Գրված է, որ նշանակվել եմ որպես ռեկտոր  կառավարության որոշմամբ, և դրանից հետո գրված է, որ ազատվել եմ նախարարի հրամանով:  Ինչպես տեսնում եք անհեթեթությունների շարքը գնալով մեծանում է:>>
ԵՊԼՀ նորընտիր ռեկտոր Գայանե Գասպարյանը ռեկտորի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո երեկ ռեկտորի աշխատասենյակում հրապարակավ խունկ է վառել: Այսօր նման հայտարարություն արեց Զոլյանն ու հավելեց. “Խունկ են վառել, որպեսզի չար ոգիները անհետանան, եթե սնահավատ էր, թող  գար, գիշերը թաքուն վառեր, բայց հրապարակավԵս էլ ասելու բան չունեմ”:
Նրա խոսքով, բուհի ուսխորհուրդն էլ սատանիզմը եւ մասոններին դատապարտող քննարկումներ է կազմակերպել: “Եթե սա է համալսարանի գործունեությունը, ուրեմն այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում, կարելի է մի քանի օրվա ընթացքում ոչնչացնել ”,-ավելացրեց պրոֆեսոր Զոլյանը:
Վերոնշյալ հարցերը չափազանց մտահոգիչ են  և պահանջում են  ոլորտային քաղաքականության պատասխանատուների, հասարակական գործիչների ու քաղաքական ուժերի պատշաճ ուշադրությունն ու դրանից բխող հետևողական քայլերը
ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառված ապօրինի հրամանի արդյունքում ստեղծված համալսարանական ոչ բարենպաստ մթնոլորտը, ինչպես նաև  ուսանողների, բազմաթիվ դասխոսների, մտավորականների և միջազգային տարբեր կառույցների բարձրացրած բողոքի ալիքը հիմք ծառայեցին ստեղծելու ՀՀ բարձրագույն կրթության առողջացմանը նպաստող www.unifree.am վեբկայքը, որը կարձագանքի բարձրագույն կրթության ոլորտում պետության և քաղաքացու իրավունքների ոտնահարման բոլոր դրսևորումներին:
Unifree.am-ի միջոցով կստեղծվի մշտական կապ բարձրագույն կրթության տարբեր ոլորտների շահառուների` ուսանողների, դասախոսների, պետական մարմինների և գործատուների միջև:
Ս.թ. հունիսի 14-ին ժամը 10:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության:  
Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի վաղվա նիստից, նախկին ռեկտորը պատասխանեց. «Մի հանցանք կատարելով մնացածները ինքնստինքյան գալիս են, իմ կարծիքով հակաօրինական գործողությունների շարունակություն է լինելու, և ռեկտորի ընտրությունն էլ անօրինական մի շղթա է: Դատական իշխանությունը չպետք է ուղղորդված գործի, քանի որ այն անկախ իշխանություն է: Մինչ նիստի ընթացքը ավելի կարևոր էր, քան արդյունքը, որովհետև Հայաստանը տեսավ, թե ինչ է իրականում կատարվում»:

Ասուլիսի ընթացքում Սուրեն Զոլյանը հասցրեց Արմեն Աշոտյանի հրահանգով աշխատելու մեղադրանք հնչեցնել ոչ միայն բուհի դասախոսների, այլև լրատվամիջոցների հասցեին ու հայտարարեց, թե որոշ լրատվամիջոցներ աշխատում են Աշոտյանի հրահանգով:
 Կարինե Գևորգյան