вторник, 22 мая 2012 г.

Սուրեն Զոլյան. “Նախարարի հրամանն այսօր համարում եմ անօրինական, համալսարանում ոստիկանական ռեժիմ է” 

22-05-2012 18:03:37   | Հայաստան  |  Հասարակություն

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը շարունակում է անվավեր համարել նախարար Արմեն Աշոտյանի կողմից տրված` իր ազատման մասին հրամանը: Ինչպես մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին ռեկտորը,  “Նախարարի հրամանն այսօր համարում եմ անօրինական, համալսարանում ոստիկանական ռեժիմ է”: Ըստ նրա,  իր առջեւ խնդիր է դրել ոչ թե վերադառնալ ռեկտորի պաշտոնին, այլ հասնել օրենքի կատարմանը: 
«Արմեն Աշոտյանն իրավունք չունի ինձ աշխատանքից ազատել։ Ինձ ընտրել է ինստիտուտի խորհուրդը, հաստատել է կառավարությունը, Կրթության եւ գիտության նախարարն ընդամենը պայմանագիր է ստորագրել ինձ հետ. նա իմ գործատուն չէ։ Ինձ աշխատանքից ազատելու որոշում պետք է կայացներ ինստիտուտի խորհուրդը, այլ ոչ թե ԿԳ նախարարը”,- հայտարարեց Սուրեն Զոլյանը: 
 
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն նշանակված է առաջին նիստը: Ս.Զոլյանը վիճարկում է  նախարարի կողմից իրեն տրված նկատության,  ստուգման ակտի խելամտության եւ  նախարարի կողմից իրեն աշխատանքից ազատման հրամանի փաստերը եւ պատրաստ է հասնել մինչեւ Եվրոդատարան: 
 
Սուրեն Զոլյանը համաձայն չէ նախարար  Աշոտյանի պնդումներին, թե տարիներ շարունակ իր ղեկավարած բուհը գոյություն չունեցող մասնագիտությունների գծով դիպլոմներ է տվել, որոնց մի մասն էլ իրավական նորմերին չեն համապատասխանում:  Ըստ Ս.Զոլյանի, բուհում ուսուցանվող մասնագիտությունները ընտրվել են բուհի ղեկավար կազմի կողմից: Իսկ “թերություններով դիպլոմներ” են կոչվել այն դիպլոմները, որոնցում մասնագիտության անվանումն ամբողջությամբ մեծատառերով չի գրվել: 
Զոլյանը փորձելու է դատարանում պարզել նաեւ այն հարցը, թե ինչ հիմքերով է կրթության եւ գիտության նախարարը մերժել բուհում նոր մասնագիտություններ ուսուցանելու իր բազմաթիվ առաջարկները:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Ս.Զոլյանը ասաց. «Անձնական որեւէ թշնամանք Աշոտյանի դեմ չունեմ: Սա տեսակների եւ սկզբունքների խնդիրն է: Մենք ունենք տարբեր պատկերացումներ բարձրագույն կրթության զարգացման մասին: Ես ընդունում եմ պրոֆեսիոնալիզմ եւ մտածելու ազատություն: Աշոտյանը գտնում է, որ ռեկտորն իր համար պահակ է»:
 

Զոլյանի կինն ու մի խումբ դասախոսներ հրաժարվել են Բրյուսովի համալսարանում իրենց պաշտոններից


Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վարչական պաշտոններ զբաղեցնող մի խումբ անձինք դիմել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին` հրաժարվելով զբաղեցրած պաշտոններից:
«Չհանդուրժելով Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նկատմամբ հետևողականորեն իրականացվող ապօրինությունները` ի նշան բողոքի, հրաժարվում եմ զբաղեցրած վարչական պաշտոնով նպաստել բուհի բարի համբավի ոտնահարմանը: Հետևաբար, պահանջում եմ ինձ ազատել զբաղեցրած վարչական պաշտոնից` դիմումին կից հավելվածում ներկայացված փաստերի հիման վրա»,- ասված է դիմումում, որը ստորագրել են ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Դավիթ Հովհաննիսյանը,  ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ Գոհար Ավետիսյանը, ԵՊԼՀ գիտական մասի ղեկավար Նունե Դիլանյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նվարդ Մանասյանը, ԵՊԼՀ մագիստրոսական և հետբուհական ծրագրերի ղեկավար Լիանա Պետրոսյանը, ով նաև Սուրեն Զոլյանի կինն է:
Ինչպես հայտնի է դարձել Epress.am-ին, Գայանե Գասպարյանն արդեն  ստորագրել է իրեն ներկայացված դիմումները:

Աշոտյանը ստախոս է և վախկոտ. Սուրեն Զոլյան


Աշոտյանը ստախոս է և վախկոտ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵՊԼՀ նախկին ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը այսպես անվանեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանին և ներկայացրեց համալսարանի շուրջ ստեղծված վերջին զարգացումները:


Նա նշեց, որ իր և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև ստեղծված իրավիճակը փորձ արվեց քաղաքականացնել, սակայն ուրախ է, որ դա տեղի չունեցավ: Ըստ նրա` սա քաղաքացիական հարց է, որն իր լուծումը պետք է գտնի իրավական դաշտում:

Համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը տեղեկացրեց, որ առաջին նկատողությունը իրեն տրվել է Եվրախորհրդի կոմիտեի նիստին մասնակցելու ժամանակ՝ երեքօրյա բացակայության համար՝ այն դեպքում, երբ իրեն որպես փորձագետ այդ նիստին մասնակցելու է ներկայացրել ՀՀ-ն, և խարտիան հատուկ նշում է, որ փորձագետի վրա իրավունք չունեն ազդեցություն ունենալ և խառնվել նրա գործերին, ուստի անհիմն էր անհարգելի համարել երեքօրյա բացակայությունը:

«Այս հրամանը վիճարկել ենք վարչական դատարանում, սակայն դատարանը համարել է, որ դա իր գործը չէ և որոշել է, որ այդ հարցով պետք է դիմել ընդհանուր իրավասության դատարան: Նախարարը պետք է պատասխաներ և պատասխանել է, որ ուզում է հարցը լուծվի իրավական դաշտում, բայց ինչպես ասում են «գող` սիրտը դող»: Աշոտյանը դիմել է դատարան` վարչական դատարանի որոշումն անփոփոխ թողնելու համար, քանի որ ես որպես ռեկտոր չեմ կարող ներկայանալ»,- նշեց Սուրեն Զոլյանը`հավելելով, որ Աշոտյանը սուտ է ասել, ուրեմն ստախոս է, քանի որ հորդորել է հանդիպել դատարանում, սակայն վախենում է դատաքննությունից, ուրեմն նաև վախկոտ է:

«Այդ մարդու մտավոր ունակությունները թողնում եմ Ձեր դատողությանը»,- նկատեց Սուրեն Զոլյանը:

Բանախոսը խոսեց երկրորդ նկատողությունից` ասելով, որ
հենց մեկնել է Ստրասբուրգ, միանգամից ստուգում է նշանակվել, որպեսզի երկրորդ նկատողությունը տրվի՝ այն դեպքում, երբ ստուգման մասին պլան պետք է լինի:

«Ավելի ուշ անակնկալ կերպով պարզվեց, որ տվել եմ գոյություն չունեցող դիպլոմներ: Սակայն առկա են ստուգումների վերաբերյալ օրենքների խախտումներ: Համալսարանի բոլոր գիտխորհուրդները որոշում են կայացրել դիմել դատարան, որպեսզի համալսարանի բարի համբավը վերականգնվի և ակտը չեղյալ համարվի, այլ ոչ թե բանդիտները մտնեն համալսարան և ստուգումներ անեն»,- ասաց նախկին ռեկտորը:

Նա պարզաբանեց, որ ունեն տրված մասնագիտությունների լիցենզիան, իսկ եթե նախարարության աշխատակիցները չգիտեն, չի նշանակում, որ այդ մասնագիտությունները չեն եղել: Նրա խոսքով` եթե տարիներ շարունակ ինքը գոյություն չունեցող մասնագիտությունների համար տվել է դիպլոմներ, պետք է դիմեին դատախազություն:
Սրա վերաբերյալ հայցադիմում ևս չի ընդունվել:

«Հայցադիմումները չեն ընդունվում, իսկ իմ խնդիրն այն է, որ այդ հարցերը վերջիվերջո դրվեն: Իմ հեռացման հրամանի համար հիմք են ծառայել Ստրասբուրգի նիստին մասնակցելու նպատակով եռօրյա բացակայությունը և ստուգման արդյունքները: Ինձ ընտրել էր գիտխորհուրդը, հաստատել կառավարությունը, ստորագրել եմ պայմանագիր, նույն կերպով պետք է աշխատանքից ազատվեի: Նախարարը պետք է լիազորվեր աշխատանքից ազատելու համար, սակայն ազատել է ինձ` խախտելով այլ նորմեր: Սա բոլոր խաբեությունների շարունակությունն է և բողոքարկվում է ընդհանուր իրավասության դատարանում: Այնտեղ բողոքարկվում են նաև այս երեք հրամանները, որոնք արդեն անհնար է չընդունել»,- ասաց Սուրեն Զոլյանը`տեղեկացնելով, որ ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 14-ին նշանակված է նիստ, ուստի պարոն Աշոտյանը չի կարող խուսափել ինչ-ինչ պարզաբանումներ տալուց:


понедельник, 21 мая 2012 г.

Լիլիթ Գալստյան. «Աշոտյա՛ն, գոնե դու հաստատ պիտի իմանայիր, որ մանդատներն ու պաշտոնները ոչինչ են ինձ համար»


Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանիորոշմամբ փոփոխություն է կատարվել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում, այդ թվում՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամԼիլիթ Գալստյանը փոխարինվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանով։
Ի պատասխան՝ Լիլիթ Գալստյանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին դիմել է հետևյալ կերպ.
«Աշոտյա՛ն,
Բարոյականության կամ պարկեշտության մասին չարժե խոսել. ցավոք խորհրդարանական հինգ տարվա փորձառությունս բերեց համոզման, որ մեր քաղաքական իրականության մեջ բարոյականություն փնտրելը զուր ջանք է, չարդարացված ռոմանտիզմ։
Պարզապես կարող էիք մի քիչ կոռեկտ, մի քիչ խելոք կամ մի քիչ քաղաքակիրթ լինել (կարծեմ վերջերս Եվրոպայի ժողովրդավարներին անդամագրվեցիք) և մամուլից չիմանայի, որ Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի անդամ չեմ և ինձ փոխարինել եք ՀՀԿ-ականով։ Եթե ևս չորս տարի չէիք կարող սպասել, որ խորհրդի անդամի լիազորություններս լրանային, գոնե չորս օր սպասեիք, որ մանդատս ուժը կորցներ։ Ըստ էության, ես դիմում չեմ գրել, անգործության հիմնավորումը առավել քան զավեշտալի է, և ոչ էլ առայժմ մահացել եմ (սրա՛նք են լիազորոթյան դադարեցման հիմքերը)։ Եվ ի՜նչ. այդքան անհանգիստ էիք, որ իմ ձայնը կամ ներկայությունը պիտի սասաներ ռեկտորի սպասվող արդար ընտրություններն ու հավատարիմների, հնազանդների խո՞ւմբ եք ձևավորել։
Աշոտյա՛ն, գոնե դու հաստատ պիտի իմանայիր, որ մանդատներն ու պաշտոնները ոչինչ են ինձ համար և առհասարակ, կյանքում պարկեշտության ու բարոյականության չափանիշերով եմ ապրում և ուղեկցվում։ Եվ իսկապես, առանց համեստության եմ ասում՝ հավատարիմ եմ ու հնազանդ, բայց ընտրում եմ օրենքն ու արդարությունը, ոչ թե համակրանքներն ու օրվա քաղաքական եղանակները։
Բարեկամաբար՝ Լիլիթ»։

Սուրեն Զոլյանը նամակ է գրել նախկին գործընկերներին

Մայիս 21, 2012 | 18:55 
Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը նամակով դիմել է իր նախկին գործընկերներին` ցավով նշելով, որ իր հնարավորությունները՝ պաշտպանել բուհի բարի համբավը անհարկի եւ անհիմն ոտնձգություններից, այս պահին սպառված են:
«Ինչպես հիշում եք, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից օրենքների խախտումներով կազմակերպված եւ անցկացված ստուգումների արդյունքների հիման վրա, ՀՀ ԿԳ նախարարը եւ նույն նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թույլ են տվել իրենց մեղադրանքներ հնչեցնել ԵՊԼՀ-ի հասցեին՝ մատնանշելով ինչ-ինչ գոյություն չունեցող «խախտումներե: Համալսարանի 17.04.2012թ.-ի արտահերթ եւ ընդլայնված գիտական խորհուրդը բոլոր ֆակուլտետային եւ մեթոդական խորհուրդների մասնակցությամբ մանրամասնորեն անդրադարձել է ստուգման արդյունքներին:
Ելնելով քննարկման արդյունքներից՝ 17.04.2012թ.-ի արտահերթ եւ ընդլայնված գիտական խորհուրդը որոշեց. «…հանձնարարել ԵՊԼՀ ռեկտորին` դիմել դատարան ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. թվականի թիվ 190-Ա/Ք հրամանով իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի իրավաչափությունը եւ օրինականությունը վիճարկելու հայցով, ինչպես նաեւ ԵՊԼՀ բարի համբավը արատավորող ակտը չեղյալ համարելու պահանջով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ ՀՀ ԿԳ նախարարության կողմից ընդունված իրավական ակտերի օրինաչափության եւ վերադաս օրենսդրության համապատասխանության հայցով»:
Սակայն ԵՊԼՀ արտահերթ եւ ընդլայնված գիտական խորհրդի 17.04.2012թ.-ի որոշումը մինչ օրս կատարված չէ: ՀՀ առաջին ատյանի վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը մերժեց ընդունել հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ «…հայցադիմումը ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը: Հետեւաբար հայցադիմումը պետք է վերադարձնել, քանի որ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հայցադիմումը վերադարձվում է, եթե այն ստորագրված չէ կամ ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը»: Իրոք, կա անհամապատասխանություն, քանի որ վերոնշյալ հայցադիմումը ս.թ. ապրիլի 17-ին ստորագրվել է իմ կողմից եւ կնքվել ԵՊԼՀ կնիքով: Սակայն ԵՊԼՀ աշխատակազմի ղեկավար եւ իրավախորհրդատու Ն. Ներսիսյանի, ինչպես նաեւ Գրասենյակի աշխատակիցների անփութության պատճառով ուղարկվել է դատարան միայն ս.թ. մայիսի 8-ին: Ստորագրման եւ առաքման ժամկետների նման անհամապատսխանությունը հիմք է ծառայել դատարանի կողմից հայցադիմումը ետ վերադարձնելու համար:
Նման պայմաններում հարցը հնարավոր էր շտկել, եթե ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ Գ.Գասպարյանը մայիսի 4-ին ստորագրեր հայցադիմումը, ինչը վերջինս հրաժարվել է  կատարել, որի արդյունքում կազմվել է արձանագրություն գիտխորհրդի հետեւյալ անդամների կողմից՝ ԵՊԼՀ իրավական, վարչական եւ տնտեսական գծով պրոռեկտոր Գ. Բալայան, Աշխատակազմի ղեկավար եւ իրավախորհրդատու Ն. Ներսիսյան, Ռուսաց  լեզվի, գրականության եւ օտար լեզուների ֆակուլտետի դեկան Գ. Մարկոսյան, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ն. Մանասյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ամբիոնի վարիչ Տ. Թորոսյան:  Չնայած որ վարչական դատարանը ետ է վերադարձրել հայցադիմումը, սակայն  դեռեւս հնարավորություն կա բողոքարկելու դատարանի որոշումը, ինչը պետք է արվի  սեղմ ժամկետներում:
Հիշեցնում եմ նախկին գործընկերներիս, որ այս հարցը վերաբերվում է ոչ թե իմ  անձին, այլ ողջ համալսարանին, ուստիեւ ամեն մի համալսարանականի պատվին եւ  արժանապատվությանը: Թույլ տվեք հուսալ, որ գոնե այս հարցում ԵՊԼՀ-ի նոր ղեկավարությունը եւ դասախոսական անձնակազմը ի վիճակի կլինի առնվազն փորձել տեր կանգնել իր իսկ ընդունած որոշմանը եւ պաշտպանել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օրեցօր նվազող հեղինակությունը»,-ասված է Զոլյանի նամակում:
Նշենք նաեւ, որ վարչական դատարանը մերժել է ընդունել ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ-ում իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի իրավաչափությունը եւ օրինականությունը վիճարկելու հայցադիմումը ` հիմք ընդունելով ստորագրման եւ առաքման ժամկետների անհամապատսխանությունը:
Դատարանը նշել է, որ որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով եւ սեղմ ժամկետներում: Այս կապակցությամբ Սուրեն Զոլյանը դիմել է ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ Գ. Գասպարյանին սահմանված կարգով բողոքարկել դատարանի որոշումը` կատարելով ապրիլի 17-ի ԵՊԼՀ գիտական խորհրդի արտահերթ եւ ընդլայնված նիստի որոշումը: