вторник, 22 мая 2012 г.

Աշոտյանը ստախոս է և վախկոտ. Սուրեն Զոլյան


Աշոտյանը ստախոս է և վախկոտ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵՊԼՀ նախկին ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը այսպես անվանեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանին և ներկայացրեց համալսարանի շուրջ ստեղծված վերջին զարգացումները:


Նա նշեց, որ իր և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև ստեղծված իրավիճակը փորձ արվեց քաղաքականացնել, սակայն ուրախ է, որ դա տեղի չունեցավ: Ըստ նրա` սա քաղաքացիական հարց է, որն իր լուծումը պետք է գտնի իրավական դաշտում:

Համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը տեղեկացրեց, որ առաջին նկատողությունը իրեն տրվել է Եվրախորհրդի կոմիտեի նիստին մասնակցելու ժամանակ՝ երեքօրյա բացակայության համար՝ այն դեպքում, երբ իրեն որպես փորձագետ այդ նիստին մասնակցելու է ներկայացրել ՀՀ-ն, և խարտիան հատուկ նշում է, որ փորձագետի վրա իրավունք չունեն ազդեցություն ունենալ և խառնվել նրա գործերին, ուստի անհիմն էր անհարգելի համարել երեքօրյա բացակայությունը:

«Այս հրամանը վիճարկել ենք վարչական դատարանում, սակայն դատարանը համարել է, որ դա իր գործը չէ և որոշել է, որ այդ հարցով պետք է դիմել ընդհանուր իրավասության դատարան: Նախարարը պետք է պատասխաներ և պատասխանել է, որ ուզում է հարցը լուծվի իրավական դաշտում, բայց ինչպես ասում են «գող` սիրտը դող»: Աշոտյանը դիմել է դատարան` վարչական դատարանի որոշումն անփոփոխ թողնելու համար, քանի որ ես որպես ռեկտոր չեմ կարող ներկայանալ»,- նշեց Սուրեն Զոլյանը`հավելելով, որ Աշոտյանը սուտ է ասել, ուրեմն ստախոս է, քանի որ հորդորել է հանդիպել դատարանում, սակայն վախենում է դատաքննությունից, ուրեմն նաև վախկոտ է:

«Այդ մարդու մտավոր ունակությունները թողնում եմ Ձեր դատողությանը»,- նկատեց Սուրեն Զոլյանը:

Բանախոսը խոսեց երկրորդ նկատողությունից` ասելով, որ
հենց մեկնել է Ստրասբուրգ, միանգամից ստուգում է նշանակվել, որպեսզի երկրորդ նկատողությունը տրվի՝ այն դեպքում, երբ ստուգման մասին պլան պետք է լինի:

«Ավելի ուշ անակնկալ կերպով պարզվեց, որ տվել եմ գոյություն չունեցող դիպլոմներ: Սակայն առկա են ստուգումների վերաբերյալ օրենքների խախտումներ: Համալսարանի բոլոր գիտխորհուրդները որոշում են կայացրել դիմել դատարան, որպեսզի համալսարանի բարի համբավը վերականգնվի և ակտը չեղյալ համարվի, այլ ոչ թե բանդիտները մտնեն համալսարան և ստուգումներ անեն»,- ասաց նախկին ռեկտորը:

Նա պարզաբանեց, որ ունեն տրված մասնագիտությունների լիցենզիան, իսկ եթե նախարարության աշխատակիցները չգիտեն, չի նշանակում, որ այդ մասնագիտությունները չեն եղել: Նրա խոսքով` եթե տարիներ շարունակ ինքը գոյություն չունեցող մասնագիտությունների համար տվել է դիպլոմներ, պետք է դիմեին դատախազություն:
Սրա վերաբերյալ հայցադիմում ևս չի ընդունվել:

«Հայցադիմումները չեն ընդունվում, իսկ իմ խնդիրն այն է, որ այդ հարցերը վերջիվերջո դրվեն: Իմ հեռացման հրամանի համար հիմք են ծառայել Ստրասբուրգի նիստին մասնակցելու նպատակով եռօրյա բացակայությունը և ստուգման արդյունքները: Ինձ ընտրել էր գիտխորհուրդը, հաստատել կառավարությունը, ստորագրել եմ պայմանագիր, նույն կերպով պետք է աշխատանքից ազատվեի: Նախարարը պետք է լիազորվեր աշխատանքից ազատելու համար, սակայն ազատել է ինձ` խախտելով այլ նորմեր: Սա բոլոր խաբեությունների շարունակությունն է և բողոքարկվում է ընդհանուր իրավասության դատարանում: Այնտեղ բողոքարկվում են նաև այս երեք հրամանները, որոնք արդեն անհնար է չընդունել»,- ասաց Սուրեն Զոլյանը`տեղեկացնելով, որ ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 14-ին նշանակված է նիստ, ուստի պարոն Աշոտյանը չի կարող խուսափել ինչ-ինչ պարզաբանումներ տալուց:


Комментариев нет:

Отправить комментарий