понедельник, 11 июня 2012 г.



577217 400436473323247 799846979 n Վաղը` հունիսի 12-ին, կկայանա Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանի ռեկտորի ընտրությունները:
Ռեկտորի պաշտոնի համար պայքարելու են 2 թեկնածու՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը և Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը։ Հայտնի է նաև, որ Սուրեն Զոլյանը չի ներկայացրել իր թեկնածությունը ընտրություններին, քանի որ ըստ նրա այդ քայլով նա կճանաչեր իր հեռացման հրամանի իրավաչափությունը: Միայն վաղը պարզ կլինի, թե ով է զբաղեցնելու ռեկտորի թափուր մնացած տեղը, իսկ այսօր Emporium.am-ի հյուրն է Զոլյանի պաշտոնազրկումից հետո ստեղծված «Ազատ Ուսանողների Ֆորում»-ի հիմնադիրներից մեկը` Ռոլանդ Ճռիկյանը:
-Ե՞րբ և ի՞նչ նպատակով է ստեղծվել Ազատ Ուսանողների Ֆորումը:
-Ֆորումը ստեղծվել է ապրիլի 17-ից` հենց այն օրվանից, երբ համալսարանում սկսվեցին անօրինականությունները կապված ռեկտոր Զոլյանի պաշտոնանկ արվելու հետ և երբ դրա հետ կապված համալսարանում սկսվեցին խնդիրներ և ուսանողների երթեր: Կարող եմ վստահ ասել, որ ֆորումը գործել է մինչ այսօր, գործում է և կգործի:
-Իսկ ինչքա՞ն է ֆորումի մասնակիցների ընդհանուր քանակը:
-Ֆորումի մասնակիցները քանակը ստույգ նշել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ իրոք շատ ենք և ոչ միայն մեր բուհից, քանի որ հենց անձամբ ինձ ասել են, որ ուզում են ֆորումին և մեր պայքարին միանան Տնտեսագիտական, Պետական, Բժշկական համալսարաններից, նաև արտասահմանյան համալսարաններից` Ֆրանկֆուրտի համալսարանը և Մյունխենի Ճարտարագիտական համալսարանը:
-Իսկ էլ ո՞վ է աջակցում ձեր շարժմանը:
- Ֆորումի ստեղծման հենց առաջին օրվանից մեզ հետ են Մաշտոցի պուրակի ակտիվիստերը, որոնք պատրաստ են մեզ ամեն հարցում օգնել: Նաև երգիչ HT HAYKO-ն` նա մեզ համար երգ էլ է պատրաստել:
-Ո՞րն է ֆորումի գլխավոր նպատակը:
-Մեր ֆորումի հիմնական նպատակն է` պայքարել բուհերը, ուսանողությանը քաղաքականացնելու և ցանկացած տեսակի անօրինականության դեմ և կապ չունի, թե այդ անօրինականությունները կապված կլինեն մեր բուհի, թե մեկ այլ բուհի հետ` մենք միշտ պայքարելու ենք:
-Ի՞նչ եք արել մինչ այսօր և ինչ արդյունքների եք հասել:
-Արդյունքներ շատ կան: Սկսենք հենց նրանից, որ շատ շատերը սկսած նախարարությունից և կառավարությունից գիտեն մեր գոյության մասին և նրանք միանշանակ չեն կարողանա հերթական անօրինականությունն անել, քանի որ տեղյակ են, որ կա պայքարող, որը պետք է վերջ դնի այն բոլոր անօրինականություններին, որոնք կատարվում են երկրում ու հատկապես կրթական համակարգում:
-Իսկ ինչպիսի՞ն է կառավարական մարմինների վերաբերմունքը ձեր նկատմամբ:
- Չեմ կարող ոչ մի հաստատուն պատասխան տալ, քանի որ մինչ այսօր մենք հանդիպել ենք թե՛ դրական, և թե՛ բացասական վերաբերմունքի: Բայց կարող եմ նշել Կրթության և Գիտության նախարարության խիստ բացասական վերաբերմունքը: Իսկ բացասական է հենց այն պատճառով, որ մենք թույլ չենք տալիս նրանց անել ամեն ինչ իրենց ցանկությամբ, տեղ տալ ամեն տեսակ անօրինականության:
-Մեկ ամիս առաջ ուսանողները հրավիրել էին պրն. Աշոտյանին համալսարան, որպեսզի ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: Արդյո՞ք ուսանողները կարողացան հասնել իրենց նպատակին:
-Արմեն Աշոտյանի գալով գրեթե ոչինչ էլ չփոխվեց, պարզապես նա իր աչքով տեսավ և զգաց, որ իրոք կան մարդիկ` ուսանողներ և երիտասարդություն, որոնք պայքարում են օրենքի համար:
-Նաև ասում են, որ Աշոտյանի գալու ժամանակ դահլիճում շատ ուսանողներ կային, որոնք Բրյուսովի համալսարանից չէին: Արդյո՞ք դա այդպես է:
- Այո այդպիսի մարդիկ իրոք կային և ասեմ ավելին, նրանք բերվել էին ուսանողական խորհրդի անդամների կողմից: Պլանավորված էր, որ նրանք արդեն պատրաստի հարցեր պետք է տային Աշոտյանին և նա պետք է պատասխաներ իր պատրաստի պատասխաններով և այդպես էլ պետք է ամեն ինչ ավարտվեր, բայց նրանց պլանները ձախողվեցին: Իսկ ուսխորհրդի նպատակը այս ամենը քաղաքականացնելն էր. մի բան, որը չի կարելի անցկացնել համալսարանում:
-Ձեր կարծիքով Զոլյանին պաշտոնից զրկելը նույնպես քաղաքականացվա՞ծ էր:
- Չեմ կարող ոչ մի ստույգ բան ասել, բայց քանի որ այդ ամենը կատարվեց ընտրությունների նախաշեմին, ապա կարելի է նաև դրա հետ կապել:
- Արդյո՞ք ԶԼՄ-ները անկողմնակալ են լուսաբանում այն ամենն, ինչ կատարվում է համալսարանում:
-Ոչ, ոչ բոլոր ԶԼՄ-ները: Հենց ARMENIA TV-ն առաջին օրերին ասում և տարածում էր միայն այն, ինչ ձեռնտու էր հեռուստաալիքին, կառավարությանն ու նախարարությանը: Միայն մեր` այդ խնդրի մասին բարձրաձայնելուց հետո, հեռուստաալիքը սկսեց տրամադրել իրական տեղեկություններ, այլ ոչ թե հորինվածքներ:
-Վաղը կայանալու են ռեկտորի ընտրությունները: Ձեր կարծիքով ո՞վ է դառնալու համալսարանի նորընտիր ռեկտորը:
-Կտեսնենք վաղը, սակայն վստահ եմ, որ չի ընտրվի այնպիսի մեկը, ով կարողանա փոխարինել պրն. Զոլյանին:
Զրուցեց Սիրանուշ Ներսիսյանը

Комментариев нет:

Отправить комментарий