вторник, 15 мая 2012 г.

Շնորհակալ ենք ՀՏ ՀԱՅԿՈՅԻՆ այս գեղեցիկ ստեղծագործության համարը , որը նվիրել է Ազատ ուսանողների ֆորումին

Սուրեն Զոլյանը կտեղափոխվի արտասահմա՞ն

Շուտով Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրություններ են: Նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին պաշտոնանկ անելուց հետո այստեղ կրքերը դեռ շիկացած են: Բուհը բաժանված է երկու թեւի: Հիմնական թեւը դեռ պայքարում է Զոլյանի վերադարձի համար ու լեզու չի գտնում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանի հետ: Վերջինս իշխանության դրածոն է, ում հետ չեն համակերպվում Զոլյանի կողմնակիցները, թեեւ նա տարիներ շարունակ աշխատել է պրոռեկտոր: Թերեւս ստեղծված մթնոլորտի պատճառով էլ վերջինս ռեկտոր է միայն յուրայինների համար: Իսկ ճնշումները զոլյանականների նկատմամբ շարունակվում են. երեկ, անօրինական,  ոստիկանություն է տարվել  ուսանողներից մեկը` Միքայել Նազարյանը, սակայն Գասպարյանն այդ հարցով իրեն դիմած ուսանողներին ու դասախոսներին նախ ցուցումներ է տվել, որ դիմեն համապատասխան ֆակուլտետի դեկանատ, ապա ասել է, որ դա իր խնդիրը չէ:
Իսկ Միքայել Նազարյանը  ոստիկանություն է տարվել հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգի օրը տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործով` որպես վկա: Նրան հարցաքննելուց հետո բաց են թողել, բայց ըստ ամենայնի դեր են խաղացել ուսանողների աղմուկն ու քննչականի բակում հավաքվելը: Վերադառնալով ընտրություններին` նշենք, որ  կառավարությունն ու նախարարությունն ամեն ինչ անում են, որպեսզի Գայանե Գասպարյանն ընտրվի ռեկտորի պաշտոնում:
Երեկ Սուրեն Զոլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարությունը բուհի խորհրդի կազմում արդեն համապատասխան փոփոխություններն արել է: «Կառավարության որոշմամբ փոխվել է խորհրդի կազմը: Խորհրդի տեղերի 50 տոկոսը պատկանում է կառավարությանն ու նախարարությանը: Եվ որպեսզի  կանխատեսելի արդյունք լինի, կառավարության կողմից այն հիմնովին փոխվել է»,-ասաց Զոլյանը` ընդգծելով, որ ինքն այլեւս պատասխանատու չէ բուհում տեղի ունեցող իրադարձությունների համար, մասնավորապես ոստիկանություն բերման ենթարկված ուսանողի եւ այլ հարցերի:
Անդրադառնալով բուհում իր հետագա գործունեությանը` արդեն ոչ որպես ռեկտորի, ասաց, որ շարունակելու է դասախոսել: Միաժամանակ լուրջ առաջարկություններ է ստանում արտասահմանից, բայց կընդունի կարճաժամկետ դասախոսության առաջարկները. «Անկեղծ ասած, ես էդ տարիքին չեմ, որ գնամ, բայց ես ստանում եմ որոշակի առաջարկություններ, եւ բնական է, որ կարճաժամկետ դասախոսության հրավերը կընդունեմ: Համենայնդեպս ես իմ դասախոսական աշխատանքի շարունակությունը տեսնում եմ արտասահմանում»:
Թեեւ  Զոլյանի պաշտոնանկության հիմքը դրվեց իբր բուհում խախտումներ հայտնաբերելուց հետո, սակայն ակնհայտ էր, որ կառավարության հետ հակամարտությունը քաղաքական ենթատեքստ ուներ, չնայած Զոլյանն այս առումով լռում է. «Գիտեք ինչ, քաղաքական էր, թե չէ, նման հարցերը տվեք պարոն Աշոտյանին, ես ղեկավարվել եմ իր տված հրամաններով, ու ենթադրությունները, թե ով իր մտքում ինչ ուներ, դա թողնենք իրենց: Ես ուզում եմ, որ մեր հարաբերությունները մնան իրավական հարթության մեջ, ոչ թե քաղաքական, ներանձնական»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե պատճառը Զոլյանի պրոքոչարյանական  լինելն ու համառորեն ՀՀԿ շարքերում չընդգրկվելն էր, նախկին ռեկտորը մանրամասնեց. «Նույն ձեւով հիմա ինձ կարող են Լեւոն տերպետրոսյանական դեմք համարել, քանի որ ես իմ պաշտոնը ստանձնել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, շարունակել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ: Այսինքն, ես աշխատել եմ երեք նախագահների օրոք, ու այդ ամենը կապ չունի իմ աշխատանքային պարտականությունների հետ»: Նրա խոսքով, հարցը քաղաքականացնելով՝ ընդամենը ուշադրություն են շեղում:
Անդրադառնալով ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին, նշենք, որ նա թեեւ դեռ չի ընտրվել ռեկտոր, սակայն սկսել է կանոնակարգային փոփոխություններ իրականացնել: Զավեշտն այն է, որ նա սկսել է մարդկանց ազատ գրաֆիկով շարժվելու իրավունքի սահմանափակումից: Բուհում ելք ու մուտքի կոնկրետ ժամեր է սահմանել, ըստ որի՝ դասախոսներն ու ուսանողները իրավունք չունեն տվյալ ժամից ավելի մնալ բուհում: Գայանե Գասպարյանի` կանոնակարգի  այսօրինակ ստեղծագործական մոտեցումն առայժմ բուհում ծաղրուծանակի է արժանանում:


Комментариев нет:

Отправить комментарий