суббота, 19 мая 2012 г.

Սուրեն Զոլյանը դիմում է գրել՝ պրոֆեսորի աշխատանքից ազատվելու համար


Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմում է գրել իրենց ազատելու իր պրոֆեսորի աշխատանքից: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Սուրեն Զոլյանը:
 
«Համալսարանում ես ունեի երկու պաշտոն՝ ռեկտորի և պրոֆեսորի, ինչը իրականացնում էի քառորդ դրույքով: Բայց այն, ինչ-որ ես կարդում էի (նկատի ունի դասախոսելը - Tert.am) համապատասխանում էր ոչ թե քառորդ դրույքի, այլ կես դրույքի: Երբ որ ինձ ազատեցին ռեկտորի պաշտոնից, ինձ պետք է անմիջապես տեղափոխեին պրոֆեսորի կես դրույքի, ինչը չի արվել: Այդ հարցը բարձրացնելուց հետո, փոխանակ սխալը ուղղեին, փորձեցին պատժել ուսումնական գծով պրոռեկտորին: Մինչ օրս այդ հարցի կարգավորումը արված չէ»,-ասաց նա:

Սուրեն Զոլյանը նշեց, որ ըստ իր դիմումի՝ ինքը հրաժարվում է նման պայմաններում կատարել պրոֆեսորի պարտականությունները, որը ոչ մի ձևով ձևակերպված չէ: Միաժամանակ նա նշեց, որ իր որոշումը դեռևս վերջնական չէ:
«Ինձ խնդրել են հետ վերցնել, ես էլ եմ հակված հետ վերցնելուն, որպեսզի ուսանողները չտուժեն, բայց ես պայման եմ դրել, որ մեղավորները պետք է պատժվեն: Ես լսարան չեմ մտնի, քանի որ այդ մանր չինովնիկը սպասում է, որ ես իր մոտ մտնեմ և ասեմ՝ «ես համաձայն եմ, թույլ տուր ես գնամ լսարան»: Բայց ինքը պետք է պատժվի, որովհետև օրենքի կոպիտ խախտում է արել»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե ով է այդ մանր չինովնիկը, նա չցանկացավ պատասխանել, բայց ասաց, որ համալսարանում լավ գիտեն: Նա նշեց, որ իր այս քայլը պայքարի շարունակությունն է, և տեղեկացրեց, որ վերաքննիչ վարչական դատարանը առաջին նիստը նշանակել է հունիսի 14-ին, այնինչ համալսարանի ռեկտորի ընտրությունները հունիսի 12-ին են, որին Սուրեն Զոլյանը չի առաջադրվել:

«Եթե դատարանը օբյեկտիվ լինի, պետք է հետաձգի ռեկտորի մրցույթը: Իսկ եթե դատարանը իմ իրավունքները վերականգնի, մրցույթը կհայտարարվի չեղյալ, և ով որ ընտրվի ռեկտոր պետք է իր պաշտոնը ազատի»,- ասաց նա և ավելացրեց, որ հարցը պետք է լուծվի Հայաստանում, սակայն չի բացառում, որ քննարկման առարկա կդառնա եվրոպական կառույցներում։
Հիշեցնենք, որ 2012թ. ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն: Պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի` իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ապրիլի 17-ին հետևել է երկրորդը, այնուհետև նախարարի հրամանը` Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:

Комментариев нет:

Отправить комментарий