Բրյուսովի ուսանողները պահանջներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը
Կամայականությունների վերացում, դիպլոմների իրավական հստակեցում, ուսանողների իրավունքների վերականգնում և բուհի ինքնավարություն
Մենք՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան համալսարանի ներքոստորագրյալ ուսանողներս հայտարարում ենք հետևյալը.
Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից տեղի է ունեցել մեր համալսարանի ռեկտորի հեռացման կամայական որոշում, որից հետո ԵՊԼՀ ուսանողների մեծաքանակ բողոքը մինչև օրս մնացել է անպատասխան ՀՀ պատկան մարմինների կողմից:
Տեղի ունեցած դեպքերը բացահայտեցին, որ բացի ռեկտոր Սուրեն Զոլյանին կամայականորեն հեռացնելու հրամանից տեղ են գտել նաև մեր՝ ուսանողներիս իրավունքների մի շարք խախտումներ.
- մեզ մատուցվող կամ մատուցված կրթական ծառայությունները խոչընդոտվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից,
- մեր արդեն իսկ ուսանած մասնագիտությունների գծով չեն տրամադրվել արտոնագրեր և այդպիսով փորձ է արվել կանխել մեր բուհի զարգացումը,
- բազմաթիվ ուսանողների դիպլոմներ և մասնագիտություններ այդպիսով հայտնվել են հարցականի տակ պատկան մարմնի կողմից իշխանության չարաշահման և անգործության պատճառով,
- այս կամայական վերաբերմունքի արդյունքում որոշում է ընդունվել ապօրինաբար հեռացնել մեր համալսարանի ռեկտորին, որն էլ տվյալ դեպքում հանդես է գալիս բուհի զարգացման և նոր մասնագիտություններով համալրման օգտին,
- բացի այդ, հետագա գործողություներով բազմիցս խախտվել է բուհի ինքնավարության մասին Բոլոնիայի համաձայնագրի դրույթը և մի շարք այլ սկզբունքներ, փորձ է արվել բուհի ուսխորհուրդը օգտագործել բուհի ուսանողների դեմ, փորձ է արվել դրսից բերված ուսանողների և ոստիկանության օգնությամբ կրթության նախարարի հետ կեղծ հանդիպում բեմադրել և արհամարհել ուսանողության իրական կարծիքը:
Վերը նշված փաստերով բազմաթիվ անգամ խախտվել են ուսանողներիս իրավունքները և կոպիտ միջամտություն է տեղի ունեցել բուհի ինքնավար գործունեությանը: Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունների խորհուրդները և ուսանողական մարմինները լիովին կուսակցականացված են և ծառայում են որպես գործիք այդ կուսակցությունների համար՝ խեղդելով բազմակարծությունն ու ազատությունը այդ բուհերում:
Ելնելով այս ամենից, մենք՝ Բրյուսովի անվան ԵրՊԼՀ ուսանողներս պահանջում ենք.
- չեղյալ համարել վերը նշված կամայական որոշումները և վերականգնել Սուրեն Զոլյանին ռեկտորի պաշտոնում,
- բացահայտել հարյուրավոր ուսանողներիս դիպլոմներին վերաբերվող խնդիրները, որոնք ծագել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած արհեստական խոչընդոտների ու չարաշահումների արդյունքում, և հստակեցնել այդ դիպլոմների իրավական հիմքերը,
- պարզել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեր բուհի՝ ԵրՊԼՀ զարգացմանը խոչընդոտող քայլերի մեղավորներին և պատասխանատուներին ու պատասխանատվության ենթարկել նրանց,
- ապահովել մեզ մատուցվող կրթական ծառայությունների շարունակականությունը և դրանց չխոչընդոտելը,
- ապահովել ԵրՊԼՀ լիարժեք ինքնավարությունը, ինչը բխում է Բոլոնիայի գործընթացի փաստաթղթերից, իրավական հիմքեր ստեղծելով ուսանողների և դասախոսների կողմից բուհի կառավարմանը լիարժեք կերպով մասնակցելու և վերահսկելու համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից և մյուս պատկան մարմիններից.
- հարգել մեր՝ ուսանողներիս գերակշիռ մեծամասնության կարծիքը և հաշվի նստել դրա հետ,
- վերացնել կամայականությունները կրթական համակարգում,
- պատշաճ կերպով ապահովել կրթական ծառայությունների մատուցումը և վերահսկողությունը,
- երաշխավորել բուհի ինքնավարությունը և մեր՝ ուսանողության լիարժեք մասնակցությունը բուհի կառավարմանը որպես կրթական ծառայությունների հիմնական շահառուներ:
Ազատ ուսանողների ֆորում
նամակ ,որը հանձնել ենք երկրի վարչապետին , և պատասխան պետք է ստանանք 15 օրվա ընթացքում:
Комментариев нет:
Отправить комментарий