пятница, 27 апреля 2012 г.

Ապրիլ 27, 2012 09:28 Կրթության ազատականացման խնդիրը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ու Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի միջեւ առաջացած խնդիրները մի շարք այլ հարցեր են վեր հանում` պետության կողմից բարձրագույն կրթության ղեկավարման խնդիրների վերաբերյալ: Հարց է առաջանում արդյո՞ք համալսարանների կառավարման գործում պետության ներգրավվածության անհրաժեշտություն կա: 

Ըստ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի կանոնադրության, «Համալսարանի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա եւ կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաեւ կարեւորագույն հարցերի լուծմանը համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:» Սակայն այս ինքնավարությունը հաճախ խախտվում է հենց կրթության եւ գիտության նախարարության կողմից` մի շարք հարցերում միջամտության շնորհիվ: 

Միջամտությունը լինում է տարբեր տեսակի: Միջամտության լիազորությունների մի մասը նախարարությանը տրվում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքով, մյուս մասն առաջանում է ոչ ֆորմալ լծակների միջոցով, որոնք հիմնականում ուղղակի ձեւով ստեղծում է վերը նշված օրենքը: 

Ընդհանրապես, ինքնավարությունը ցանկացած ինստիտուտի (համակարգ կամ կազմակերպություն իմաստով) զարգացման կարեւոր գործոն է: Զարգացման տեսության հսկա Սամուել Հանթինգթոնի համար ինստիտուտների զարգացման կարեւոր գործոններից մեկը հենց ինքնավարություն է, եւ ոչ մի կազմակերպություն չի կարող ինքնավար լինել, եթե այն չունի վերահսկողություն իր պաշտոնյաների նշանակման եւ ազատման գործում: 

Արմեն Աշոտյանի ու Սուրեն Զոլյանի միջեւ առաջացած խնդիրը կապված է նաեւ ինքնավարության խախտման խնդրի հետ: Հասկանալի է, որ գոյություն ունեն նաեւ այլ խնդիրներ, կողմերը ունեն տարբեր փաստարկներ, սակայն նախարարության կողմից բարձրագույն կրթության կառավարման գործերին անմիջական միջամտությունը պետք է զրոյի հասցվի, չնայած դրա համար անհրաժեշտ կլինի մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել: 

Այս տարվա փետրվարին Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Ցուցակում ընդգրկված էին նաեւ 14 բուհեր ու կրթական ծառայություններ մատուցող կազմակերպություններ: 

Բնականաբար, բուհերի ցուցակում առաջատար դիրքում էր Երեւանի պետական համալսարանը, որը վճարել էր 790 մլն դրամի հարկեր, երկրորդ տեղում էր Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանը, երրորդ տեղում` Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանը: 14-ի մեջ ընդգրկված էր նաեւ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը: Ընդհանուր առմամբ, 2011թ. այս 14 բուհերը պետական բյուջե էին փոխանցել 3,25 մլրդ դրամի հարկ: Սա ցույց է տալիս, որ բուհերը ունեն կայուն եկամտի աղբյուր` իրենց գործունեությունը ապահովելու համար:

Հենց այստեղ է ծագում հարցը. ինչու՞ պետությունը պետք է ներգրավված լինի համալսարանների կառավարման գործընթացում: Ո՞րն է դրա անհրաժեշտությունը: 

Ռեսուրսների ապահովման տեսանկյունից պետության ներգրավվածության անհրաժեշտություն չկա: Իսկ համալսարանների խորհուրդներում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյանների անունները ցույց են տալիս, որ դա հիմնականում քաղաքական դրդապատճառներ ունի: Սակայն, արդյո՞ք քաղաքացին ցանկանում է, որ նաեւ իր վճարած հարկերով գոյատեւող համալսարանը որեւէ քաղաքական ուժի գործիք դառնա: Այս հարցին կարող է հստակ պատասխան տալ ուսանողը:

Վերջում ավելացնեմ, որ University Ranking by Academic Performance-ի սանդղակում աշխարհի 2000 համալսարանների ցանկում ակադեմիական առաջընթացով Երեւանի պետական համալսարանը զբաղեցնում է 1326-րդ տեղը: Հնարավոր է, որ հենց պետական ներգրավվածությունն է խանգարում համալսարանին առավել բարենպաստ տեղ զբաղեցնել:
    
Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Комментариев нет:

Отправить комментарий