воскресенье, 22 апреля 2012 г.


«Աշոտյանը պետք է մտածեր, նոր խոսեր»

նչպես արդեն տեղյակ ենք,ԿԳ նախարար Ա.Աշոտյանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս.Զոլյանի հակամարտության արդյունքում ռեկտորը հեռացվեց աշխատանքից: Սակայն նույն համալսարանի ուսանողներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին` կազմակերպելով բողոքի խաղաղ երթեր, հանդիպումներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հետ: Քանի որ ուսանողներն իրենց ուսխորհրդի կողմից աջակցություն չստացան, ստեղծեցին նոր կառույց` «Ազատ ուսանողների ֆորում» անվանմամբ: Նրանց գործունեության մասին մանրամասներ պարզելու համար հարցազրույցի հրավիրեցինք ֆորումի ակտիվիստներից մեկին` Նարեկ Սամսոնյանին:
-Ուսանողական ֆորումի բողոքի պատճառն արդեն հայտնի է հասարակությանը: Սակայն խնդրում եմ ևս մեկ անգամ հստակեցնե՞ս:
-Ուսանողական Ֆորումը ստեղծվել է ԵՊԼՀ ուսանողների մեծամասնության կամքով, այն բանից հետո երբ ԿԳ Նախարարը, կամայականորեն, որոշեց աշխատանքից հեռացնել բուհի ռեկտոր պարոն Ս. Զոլյանին:

-Ի՞նչն է պատճառը, որ չեք ցանկանում՝  ռեկտորին հեռացնեն:
-Նախ և առաջ պատճառը օրինական չլինելն է, քանի որ ԿԳ նախարարի առաջին հրամանից սկսած մինչև վերջին հրամանը ապօրինի է և չի համապատասխանում իրավական նորմերին: Առաջին հրամանի մեջ նախարարի կողմից նույնիսկ օգտագործվել է «նպատակահարմար չեմ գտնում», բառակապակցությունը, որը քիչ թե շատ հասկացող մարդկանց համար, արդեն իսկ չի կարող ասոցացվել օրենքի հետ:
-Քո կարծիքով Ս. Զոլյանն ի՞նչ դեր է ունեցել ԵրՊԼՀ-ում:
-Սուրեն Զոլյանի ունեցած դերի մասին է խոսում  հենց նույն ուսանողնական ֆորումի ստեղծումը և նմանատիպ լուրջ աջակցությունը ուսանողների, դասախոսների և ինչու չէ նաև միջազգային հանրության կողմից: Ավելացնելը, թերևս, անիմաստ է:
-Որո՞նք են ձեր հետագա անելիքները:
-Մենք սկսել ենք ինքնաբուխ բողոքի միջոցառումներով, որոնցով մեր բողոքն էինք արտահայտում ԿԳ նախարարի կողմից արված ապօրինությունների դեմ: Հիմա Ազատ Ուսանողների Ֆորումն արդեն կազմակերպված և իր նպատակներին հասնելու ունակ և ես կասեի, որոշ անգրագետների համար` վախենալու կառույց է, որին պաշտպանում են մի շարք բուհերի ուսանողներ և տարբեր միջազգային ու տեղական հասարակական՝ ոչ քաղաքական կազմակերպություններ և շարժումներ: Մենք հաստատակամ ենք մեր ցանկությունների մեջ և վստահ ենք, որ կարողանալու ենք իր հաղթական ավարտին հասցնել մեր սկսած գործը և պատրաստակամ ենք հետագայում էլ շարունակել մեր գործունեությունը և արձագանքել ցանկացած ապօրինության, որը կլինի բուհական համակարգում:
-Ինչո՞ւ ուսխորհրդի նախագահը ձեզ չի աջակցում:
-Ուս խորհրդի նախագահի մասին կարծիք հայտնելն ինձ համար վիրավորական եմ համարում, կներեք, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր դավաճան մարդիք, ովքեր դավաճանել են բուհի սկզբունքները ստանալու են իրենց քայլերին համապատասխան գնահատական և վերաբերմունք ուսանողների կողմից:
-ԿԳ նախարար Աշոտյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ձեր շարքերում կան որոշ մարդիկ, որ փորձում են քաղաքական դիրք զբաղեցնել ` օգտագործելով այս առիթը: Արդյո՞ք նա քեզ ի նկատի ուներ:
-Չգիտեմ Աշոտյանն ինչ ի նկատի ուներ, կամ, առավել ևս, ում, բայց այն, որ Աշոտյանը պետք է սկզբից մտածեր, նոր խոսեր դրանում վստահ եմ միանշանակ: Ամենաառաջինը քաղաքականացնել այս շարժումը, բոլորս էլ հասկանում ենք՝ նշանակում է վերացնել այն, իսկ այդ բանն ում է ձեռնտու կարող եք՞ ասել: Իհարկե Աշոտյանին և Կուսխորհրդի վերածված ուսանողական խորհրդին: Իսկ միգուցե Աշոտյանը երիտասարդ տարիքում իր քաղաքական կարիերան այդպես է սկսել և սեփական փորձից ելնելով է դիտարկում այս իրավիճակը: Համենայն դեպս խորհուրդ կտամ պարոն Աշոտյանին նախ և առաջ փորձել ապակուսակցականացնել Երևանի բուհերի Կուսակցական ուսխորհուրդները, նոր անցնել մնացած իրեն հուզող հարցերին:
-Նույն հանդիպման ժամանակ քեզ ոստիկանություն հրավիրեցին: Ի՞նչն էր պատճառը:
-Պատճառը ինձ մեկուսացնելու անհագ ցանկությունն էր: Այնտեղ կային մարդիկ, որոնք ապօրինի էին մուտք գործել համալսարան և նրանց միակ նպատակը համալսարանի տարածքում սադրանք կազմակերպելն էր, որին էլ նպաստեցին ոստիկանության աշխատակիցները:
-Մամուլում նաև շահարկվում է ուսանողների որոշակի քաղաքական հայացքներ ունենալու հարցը: Արդյո՞ք  այդպես է:
-Այն, որ ցանկացած ՀՀ քաղաքացի ունի ազատ կամաարտահայտման իրավունք, դա թերևս զարմանալի չէ: Իսկ ուսանողները, երևի թե  ՀՀ քաղաքացիներ են, և  բնական է, որ պետք լինեն նաև տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, ուրիշ հարց է, որ փորձ է արվում ամենստոր և ճղճիմ ձևով ցեխ շպրտել մեր սկսած արդար և ազնիվ գործի վրա, պարզապես այս մարդկանց համար անհասկանալի և մահու չափ սարսափելի է առերեսվել ինտելեկտի և կրթվածության հետ, քանի որ իրենք, իրենց ողջ քաղաքական և հասարակական գործունեության ընթացքում, իրենց շրջապատել են տգիտությամբ և շողոքորթ ու պնակալեզ մարդկանցով: Իսկ մամուլի կողմից հաճախակի լսվող վայրահաչոցներն ավելի են մեր կամքն ու պատրաստակամությունը ավելացնում: Վերջում միայն կարող եմ ասել, որ մեր շարժման մեջ քաղաքական տարրեր փնտրելը հավասարազոր է մութ սենյակում սև կատու փնտրելու հետ, որը նույնիսկ այդ սենյակում չէ:
Սեդա Ստեփանյան

Комментариев нет:

Отправить комментарий