Կրթության և Գիտության «ֆեյսբուքություն»
Արմեն Աշոտյան-Սուրեն Զոլյան հակամարտությունը, հավանաբար, քաղաքական ենթատեքստ չունի: Բանն այն է, որ թե Սուրեն Զոլյանը եւ թե Արմեն Աշոտյանը շատ համերաշխ հայտարարել են այդ մասին: Նրանց այդ հայտարարությանն է միացել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կայքերից մեկին փոխանցելով հետեւյալը. «Ես կարծում եմ՝ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու հարցում»:
Իսկ ի՞նչ ենթատեքստ ունի այդ հարցը: Ինչո՞ւ հենց հիմա, երբ երկրի ղեկավարությունը զբաղված է քարոզչական աշխատանքներով, ծագեց նրա համար ոչ այնքան շահեկան այս խնդիրը: Հասկանալի է, չէ՞, որ մի քանի հազար ուսանող ունեցող լեզվաբանական համալսարանը կարող էր դառնալ ՀՀԿ-ի աջակիցը, բայց այս պատմության պատճառով, ահա, լարվում է, ընդդիմանում, մտահոգվում, թե ինչ կլինի վաղը, եթե մանավանդ մայիսին հաղթի Աշոտյանի կուսակցությունը: Հետեւաբար, Աշոտյանը, Զոլյանը եւ Տիգրան Սարգսյանը, պետք է նկատել, ինչ-որ չափով սխալվում են, թե հարցը քաղաքական չէ: Սա ճիշտ այն դեպքն է, որ ասում են` դու չզբաղվես քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով: Եթե նույնիսկ Սուրեն Զոլյանին ոչ թե ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, այլ Ֆիդել Կաստրոն ազատեր աշխատանքից, միեւնույն է, հարցն ակամա քաղաքականացվելու էր, քանզի քթի տակ են ԱԺ ընտրությունները:
Եվ ամեն դեպքում, ենթադրենք` Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանը եւ մանավանդ Սուրեն Զոլյանը ճիշտ են, եւ հարցն այս իրոք քաղաքական ենթատեքստ չունի:
Իսկ այս հարցը տնտեսական ենթատեքստ ունի՞: Օրինակ` կապ ունի՞ բիզնեսի հետ: Պարոն Աշոտյանին կխնդրեի իր ֆեյսբուքյան երեւակայությանը զոռ չտալ ու ինձ չնախշել վիրտուալ տարածքում: Ես նման բաներից առանձնապես չեմ հուզվում: Կրկնում եմ հարցս` Զոլյանին իր պաշտոնից ազատելը որոշակի բիզնես նպատակներ հետապնդո՞ւմ է, թե՞ չի հետապնդում: Համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ այս ամենի հետեւում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նմանատիպ մեկ այլ համալսարանի խորհրդի նախագահն է եւ, բնականաբար, շահագրգիռ է, որ իր բուհը ստանա այն մասնագիտությունների մենաշնորհը, որոնք դիմորդների առավել մեծ հոսքեր են ենթադրում: Իսկ մեծ հոսքերն իրենց հերթին ենթադրում են մեծ փողեր, որն էլ բարեկեցություն ու «պրիստիժ» է բերում ուսումնական հաստատությանը: Տրամաբանակա՞ն է: Իհարկե: Իհարկե տրամաբանական է նաեւ այն, որ լրագրողներն անմիջապես դիմում են վարչապետ Տիգրան Սարգսյանին` նրանից մի բան իմանալու հույսով: Դե նա էլ անմիջապես ձեռքերն է լվանում. «Գոյություն ունի նորմալ, օրինական դաշտում հարցերի լուծման հնարավորություն, եւ կարծում եմ, որ հենց այդ դաշտում էլ հարցերը քննարկվում են»: Ներողություն, բայց հարցերն այս պահին ոչ թե նորմալ դաշտում են քննարկվում, այլ Զոլյան-Աշոտյան լեզվակռվի հարթակում, իսկ լավագույն դեպքում` Աշոտյանի «Ֆեյսբուքի» պատի վրա: Հակառակ պարագայում, եթե վարչապետը վստահ լիներ իր նախարարի գործողությունների հարցում, անմիջապես լրատվամիջոցներին կհայտարարեր, որ Աշոտյանը ճիշտ եւ օրենքին համապատասխան է վարվել` ռեկտորին խիստ նկատողություն հայտարարելով եւ նրան աշխատանքից ազատելով: Փոխարենը` Տիգրան Սարգսյանն էլ ավելի է խորացնում եղած կասկածներն Աշոտյանի գործողությունների արդարացիության հանդեպ, իսկ դրա հետ էլ մտահոգությունն այն մասին, թե մեկ այլ բուհ շահագրգռված է ԵՊԼՀ-ի թուլացմամբ. «Եթե անօրինական է, ուրեմն համապատասխան մարմինները դրա գնահատականը կտան»: Ինչ է, Տիգրան Սարգսյանը մինչ այս պահը չգիտի՞, օրինակա՞ն է Աշոտյանի հրամանը, թե՞ ոչ:
Ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, շատ ավելի պերճախոս է Արմեն Աշոտյանը, ով իր արեւին շտապել է ցրել մարդկանց հուզող մտահոգությունները: Նա Զոլյանին աշխատանքից ազատելու մասին իր տասը տողանոց հրամանագրի համար մոտ երեսուն տողանոց բացատրություն է տեղադրել «Ֆեյսբուքի» իր տնամերձում եւ իրենից գոհ նստել` համարելով ասելիքն ասված: Այս աբսուրդը երեւի կարող էր լինել միայն Հայաստանում եւ միայն Արմեն Աշոտյանի հետ, որ մինիստր մարդը «Ֆեյսբուքով» շփվի հասարակության եւ իրեն վստահված ոլորտի մարդկանց հետ: Ինչեւէ: Աշոտյանը բերում է վեց կետ, որոնցով փորձում է փարատել ոչ միայն բրյուսովցիների, այլեւ հարցով հետաքրքրված բազմաթիվ այլ քաղաքացիների մտահոգությունները:
Աշոտյանն իր առաջին բացատրության մեջ գրում է. «1. Աբսուրդային են այն լուրերը, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը լուծարվելու է»: Մալադեց: Ճիշտ այսպես ժամանակին աբսուրդային էին նաեւ այն լուրերը, թե Աշոտյանը կդառնա ԿԳ նախարար եւ օտարալեզու կրթության մասին օրենք կանցկացնի խորհրդարանով: Իսկ ո՞ւր են պարոն նախարարի հիմնավորումներն այն մասին, որ ԵՊԼՀ-ն շատ անհրաժեշտ բուհ է, եւ պետությունը քայլեր է ձեռնարկում նրա շրջանավարտներին համապատասխան աշխատանքով ապահովելու համար: Հո միայն օդ կրակելով չի՞, թե` չի լուծարվի: Մեկ այլ կետում Աշոտյանը խորամանկում է. «3. Այս տարվա շրջանավարտները կստանան իրենց հասանելիք դիպլոմները»: Այ քեզ բան: Իսկ եկո՞ղ տարվա շրջանավարտները: Նրա՞նք ինչ բուհի դիպլոմ պետք է ստանան: Գուցե մանկավարժական համալսարանի՞:
Մոտենում են ընդունելության հերթական քննությունները: ԵՊԼՀ-ի ռեկտորի եւ համալսարանի ապագայի շուրջ ծագած այս պատմությունն անշուշտ զգալիորեն կկողմնորոշի բազմաթիվ դիմորդների` դիմել այլ բուհեր, առավել վստահելի, առավել բարձր տանիք ունեցող: Դրանց շարքում են ԵՊՀ-ն, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանը եւ ուրիշներ, որոնց ռեկտորներին աշխատանքից ազատելու հրաման Աշոտյանը երբեք չի ստորագրի, մինչդեռ այդ եւ մի շարք այլ բուհերի ռեկտորներ պակաս պատճառներ չունեն անհանգստանալու: Նրանցից եւ ոչ մեկի ծպտունն այսօր դուրս չի գալիս, չեն էլ փորձում հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում վերջապես Բրյուսովի համալսարանի հետ: Հավանաբար նրանք էլ Տիգրան Սարգսյանի հետ համակարծիք են, որ մենք ապրում ենք օրենքների երկրում, եւ օրինականության դաշտում է ամեն ինչ:
Էդիկ Անդրեասյան
Комментариев нет:
Отправить комментарий