
Մի խումբ ուսանողների հանդիպեցինք շենքի առաջին հարկում: Նրանք ազատ ֆորումի անդամ ուսանողներն են, ովքեր հակակշռում են չինովնիկացած ուսխորհրդին եւ պայքարում են անօրինականությունների դեմ: Նրանք պլանավորում էին հունիսի 14-ի իրենց անելիքները. այդ օրը «Զոլյանն ընդդեմ Աշոտյանի» դատական նիստն է: Ազատ ֆորումը լինելու է դատարանում՝ ի պաշտպանություն անօրինականության զոհ դարձած ռեկտորի: Իսկ ուսխորհուրդը, թեւքերը քշտած, պատրաստվում է հնարավորինս անմոռանալի դարձնել նորընտիր ռեկտորի օֆիցիալ նշանակման օրը: Նրանք յուրօրինակ շոու էին սարքել ընտրությունների ավարտին:
Երբ նորընտիրը դահլիճից դուրս եկավ բակ, ուսխորհուրդն ու դասախոսական կազմը աղմկոտ շնորհավորանքներով ու մեկական վարդերով դիմավորեցին նրան: Տեսարանը տհաճ էր, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրան մասնակցում էին նրա կոլեգա դասախոսները, որոնք միմյանց բրթբրթելով, շինծու ժպիտներով շտապում էին նրան գրկել: Այս տեսարանը կանգնած վայելում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով այդ բուհի խորհրդի նախագահն է: Նկատելով նրա հիացմունքը դեպի կառավարության դրածոն, հարցրինք՝ գո՞հ է ստեղծված իրավիճակից, արդյո՞ք Զոլյան-Աշոտյան թնջուկը լուծված է համարում: «Ես ինչքանով գիտեմ, պարոն Զոլյանն ունի գործ դատարանում, եւ դատական գործընթացն ավարտելուց հետո, կարծում եմ, հնարավոր կլինի ասել, որ վերջնական ավարտված է: Բայց նաեւ չունեմ որեւէ ցանկություն մեկնաբանելու, քանի որ այն կարող է դիտարկվել դատարանի վրա ճնշման փորձ»: Բրյուսովում տեղի ունեցած խմորումները Վիգեն Սարգսյանը համարում է ուսանողական կյանքի բաղադրիչ մաս:
Ի տարբերություն վերջինիս, այդ ամենից տհաճ զգացողություններ է ապրում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով նույնպես խորհրդի անդամ է: Երբ նրա կարծիքը փորձեցինք լսել, ասաց. «Ամեն դեպքում իմ համար դա շատ տհաճ էր ու անդուր»: Դիտարկմանը` Զոլյանին ազատե՞լը նկատի ունի, նա կրկնեց. «Ես իմ գնահատականը տվեցի, էս ամեն ինչն ինձ համար շատ տհաճ էր եւ անդուր»: Փոխարենը գլխապտույտ երջանկության մեջ էր նորընտիրը: Նրան հարցրինք, թե չի՞ սրտնեղում, որ իրեն ռեկտոր նշանակեցին, երբ անօրինական ազատեցին նախկին ռեկտորին, կա դատական գործ, կոնֆլիկտ: «Սրտնեղվել չէ, բայց դժվար է, իհարկե, դժվար է, իմ կոլեկտիվն իմ մեջքին էր»: Հարցին, թե կառավարության հետ իր կապերի շնորհի՞վ նշանակվեց, երգեցիկ տոնով վստահեցրեց. «Ես ընդհանրապես կապ չունեմ, բացարձակ, այո, իսկապես անակնկալ էր, այնքան անակնկալ, երբ որ ինձ նշանակեցին, ես ճնշման խնդիրներ չունեմ, բայց երեք օր ճնշումս բարձր էր: Հենց այդպիսի անակնկալ էր»:
Երբ բուհից հեռանում էինք, սրճարաններից մեկում նկատեցինք Զոլյանին պաշտպանող դասախոսներից մի քանիսին, ովքեր մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք խնդիր ունեն ոչ թե նոր ռեկտորի անձի, այլ բուհի ինքնավարությունը ոտնահարողների հետ: Բուհի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նվարդ Մանասյանն ասաց. «Չեմ կարծում, որ համալսարանը պիտի դարձնեին միջնադարյան կառույց եւ այսքան միջամտեին, որ ուսանողներն անգամ չկարողանային սեփական անհամաձայնությունն արտահայտելու, ու ամեն ինչ լիներ էդքան վերահսկելի»:
Նշենք, որ ավելի քան երկու տասնյակ դասախոսներ լքել են վարչական պաշտոնները, այժմ միայն դասախոսում են: Անգլերենի դասախոս Սոնա Հովհաննիսյանն էլ նշեց. «Մենք ոչ թե Գայանե Գասպարյանի անձն ենք վիճարկում, այլ այն գործընթացը, որով պարոն Զոլյանը հեռացվեց աշխատանքից, եւ կա մի կարեւոր զուգահեռ գործընթաց, դա համալսարանի կայացումն է: «Ինքնավար» բառը հո հենց էնպես չե՞նք ասում, համալսարանի ինքնավարությունը հասարակության զարգացման լոկոմոտիվն է, եւ եթե դա չլինի, մենք ոչնչի չենք հասնի: Դա է գրավականն ազատ մտքի, ու ազատ միտքն է, որ ձեւավորում է ազատ համալսարանը»: Ըստ Զոլյանի կողմնակիցների՝ կրթության եւ գիտության նախարարության նման բիրտ ու կոպիտ միջամտությունը բուհի ներքին խնդիրներին նշանակում է ինքնավարության սկզբունքի խախտում:
Комментариев нет:
Отправить комментарий