среда, 13 июня 2012 г.

Սուրեն Զոլյանը մտադիր է վերականգնել «արդարությունը եւ պաշտոնը»



Երեւան: Մեդիամաքս: Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր հայտարարել է, որ մտադիր է "վերականգնել արդարությունը եւ պաշտոնը”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրել է, որ վաղը իր հայցով Կենտրոն ու Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության:

«Ես նման եմ կողոպտված մարդու, ով, նախեւառաջ, պետք է վերադարձնի գողոնը»,-ասել է Սուրեն Զոլյանը` գողոնը համեմատելով իրենից «ապօրինաբար» վերցված պաշտոնի հետ:

ԵՊԼՀ նախկին ռեկտորն ասել է, որ նպատակ ունի  ԿԳ նախարարի իրավասությունները գերազանցած Արմեն Աշոտյանի հետ խոսել «իրավական դաշտում եւ փաստերով»`խնդրի շուրջ նախարարի կողմից հրապարակված բոլոր պատասխաններն որակելով «անգրագետ գրություններ»:

Անդրադառնալով Լեզվաբանական համալսարանում երեկ տեղի ունեցած նոր ռեկտորի ընտրություններին` նա ասել է, որ դրանք համարում է «նախարար Աշոտյանի հակաօրինական գործողությունների շարունակություն»:

Սուրեն Զոլյանը նաեւ տեղեկացրել է, որ արդեն գործում է ՀՀ բարձրագույն կրթության առողջացմանը նպաստող www.unifree.am վեբկայքը, որն արձագանքելու է կրթության ոլորտում պետության եւ քաղաքացու իրավունքների ոտնահարման դրսեւորումներին: 

Комментариев нет:

Отправить комментарий