воскресенье, 17 июня 2012 г.

Պատմական շրջանում ենք



 

                                            Մեր զրուցակիցն է քաղաքագետ Նվարդ Մանասյանը
Նվարդ, վարչական դատարանը ոստիկանության`Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժող բրիգադի չորս անդամներինվարչականպատասխանատվության ենթարկելու պահանջը բավարարեց: Նույն օրը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նոր ռեկտոր ընտրվեց: Երկու պայքարներում էլ ակտիվ դերակատարություն ունեիք: Նմանատիպ լուծումները ինչի՞ արդյունք են:
Կարծում եմ` իմաստները կորցնելու արդյունք են: Տարիներ շարունակ Սահմանադրությանը հղում չանելու, Սահմանադրությունը մոռանալու և կյանքի չկոչելու արդյունք են: Վերջապես, Սահմանադրության մեջ արժեքային հաստատումներ են, որտեղ իրավական լուծումներ չկան, մարդու իրավունքներն ու ազատություններն են արձանագրված, իշխանության տարբեր թևերն ինչպես պետք է հարաբերվեն իրար հետ: Այսինքն` համընդհանուր շրջանակն է, որը պետք է սկզբունքներից ելնելով լուծումներ առաջարկեր կոնկրետ դեպքերի, իրավախախտումների վերաբերյալ, և որտեղ ամբողջ օրենսդրական հոսքը պետք է աշխատեր: Հիմա իրենք վարչական լուծումներ են տալիս, այսինքն` իմաստից զրկված ընթացիկ կիրառական մոտեցումներով, որոնք եթե տարիներ շարունակ փոխկապակցած չեն եղել Սահմանադրությանը, ապա որոշակի կամքի են ենթարկվել, որպես կանոն` դրանք մարդկային կամքեր են, և սա արդարադատ լինել չի կարող: Իսկապես, այս երկու դեպքերում էլ Սահմանադրությունը մոռացել ենք, հիմա, օրինակ, ունենք հայտարարություն, որ սեպտեմբերին նախարարության վերահսկողությունը բուհերում /սա նոր համատեքստում ստուգում է նշանակում/ խստացվելու է: Ստուգումն ինքնին աբսուրդ է թվում նոր իրականության մեջ, երբ սահմանադրությամբ իսկ արձանագրվում է համալսարանական ինքնավարությունն, ինչպես նաև այդ եզրույթը կա “Բարձրագույն և հետբուհական կրթության մասին” օրենքում: Այս դեպքում վերահսկողության մասին պետք է խոսենք, ոչ թե ստուգումների, որոնք հսկողության գործառույթ ունեն: Լուծումները այն ֆորմատի մեջ, որ իրենք են պատկերացնում, կապ չունեն այն համակարգի հետ, որը մենք ենք պատկերացնում:
Նվարդ, ի վերջո, ի՞նչն էր այս վարչական տուգանքի նպատակը, մանավանդ երբ Սերժ Սարգսյանն անձամբ խնդրին լուծում տվեց:
Նախ “կրպակները սիրուն չեն” հաստատումն ասվեց նախընտրական փուլում և հենց ընտրության շեմին, որն ինչ-որ առումով պարտություն էր, ինչը նախագահն արձանագրեց: Ավելորդ աղմուկ պետք չէր իշխանական ռեժիմին, որը շատ արագ ապամոնտաժեց օրենքից դուրս` առաջնորդվելով մեկ անձի կամքով: Չեմ կարծում, որ Սահմանադրության երաշխավորը պետք է տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներին միջամտի: Սա նաև սահմանադրական դրույթի խախտում է: Ավելի շուտ այդ օրերի աղմուկից անհանգստացած` շատ արագ փորձեցին լուծում տալ, դրանից հետո լուծում տալը պետք է շարունակվեր, որովհետև նախադեպ էր ստեղծվել, երբ քաղաքացիական նախաձեռնությունը, սահմանադրության դրույթներին հավատարիմ մնալով, ստիպեց դիմացինին, նույնիսկ սահմանադրության խախտմամբ, լուծում տալ հարցին: Դա կարող էր նախադեպ դառնալ:
Այսինքն` նախագահական ընտրությունների նախաշեմին նպատակը քաղաքացիական հասարակությանը լռեցնե՞լն է:
Նպատակը չփոփոխված շարունակ վերարտադրվելն է, որովհետև հնարավոր է քաղաքացիական հասարակությունը սկսի իրավունքի տեսակյունից վճիռներ կայացնել, արժեքային փոփոխություններ գոյացնել, հասարակական տրանսֆորմացիայի ենթարկվել, և սա լոկալացված օջախ չէ: Դրանք որպես կանոն հետո առաջացնում են նմանատիպ օջախներ: Այս ամենը պետք էր կանխել, այդ թվում նաև անօրինական վճիռների միջոցով: Տարօրինակ չէ՞, որ փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել և մոտ 1000 փաստաբան միացել է գործադուլին: Այսինքն` արդեն մասնագետներն են արձանագրում դատական համակարգի ողբալի վիճակի ու դատավորների կամակատար լինելու մասին: Նպատակը շատ պարզ է` վերարտադրվել, և այդտեղ բոլոր գործիքները գործադրվելու են, բոլոր միջոցներով փորձելու են կանխել իրենց գծագրված պրոցեսները խաթարող գործողություն:
Նվարդ, տարօրինա՞կ չէր, երբ Հիլարի Քլինթոնը իր այցի ժամանակ խրախուսեց թե քաղաքացիական նախաձեռնություններին, թե նաև ոստիկանությանը:
Քլինթոնի այցը քաղաքական այց էր: Քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ստացել են մրցանակներ իրենց կատարած աշխատանքի համար, նաև արժևորվել են քաղաքական շահերին համընթաց տրամաբանությամբ: Ռեժիմի հետ քաղաքական հետագա աշխատանքը շարունակելու համար որոշ այլ խմբեր էլ պետք է մրցանակ ստանային, այս պահին գոնե այդպես եմ պատկերացնում: Չեմ կարծում, որ տիկին Քլինթոնի ձգտումները շատ արդար, քաղաքացիական են: Վերջապես ներկայացնում է գերտերության շահ մի տարածաշրջանում, որտեղ այս պահին շատ արագ պատմական դեպքեր են զարգանում, մեծ պլաստեր են փոխվում, և ռեալիստական հավասարկաշռության նոր եզեր են առաջանալու նոր տրամաբանութան մեջ՝ գլոբալ անվտանգության տեսանկյունից, և հակամարտության հանգուցալուծումն էլ ուրիշ` այլևս ոչ թե տարածքային ամբողջականության և պետությունների աշխարհագրության տեսանկյունից դիտարկելի պետք է լինի, այլև տարածաշրջաններում անվտանգություն երաշխավորելու և այդ երաշխավորողների հետ հավասարակշռություններ կազմելու հմտությամբ է նաև պայմանավորվելու:
Չգիտեմ ինչպիսի զարգացումներ կլինեն, բայց այս պահին մեր սահմանի կրակոցները քանդվող նյարդերով պետության նախնական ազդակներն են: Ադրբեջանի` տարիներ շարունակ պատերազմ հայտարարելու, պատերազմով հանգուցալուծելու դիսկուրսն այնպիսին է եղել, որ այնտեղ քաղաքական էլիտան ինքն իրեն փակուղու մեջ է դրել: Արաբական գարնանը նման ներքաղաքական իրավիճակից խուսափելու համար այդ ռեժիմը պետք է կարողանա այդ վեկտորը ուղղել արտաքին թշնամուն: Սա իհարկե նաև բորբոքվել էր հայ-թուրքական արձանագրություններից հետո, երբ թուրքական կողմը բանավոր պնդում էր տարածքային ամբողջականության տեսանկյունից Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման մասին: Այս ամենը նյարդերը լարեցին, հիմա տեսնենք զարգացումները ուր կտանեն: Վստահաբար Սիրիայի շուրջ զարգացումները, Թուրքիայի` վերջին շրջանի փոփոխությունները, Ադրբեջանի` որպես սատարող ուժի սառեցումը, Չինաստանի հետաքրքրվածությունը առ այն, թե ինչ է կատարվում Սիրիայում, այս բոլորը շատ փոխկապակցված են, և հանգույցը այս տարածաշրջանում է:
Կարծում եմ` պատմական շրջանում ենք և քաղաքացիական տեսանկյունից, և քաղաքական համակարգի, և տարածաշրջանային նոր հանգուցալուծումների առումով:

Սիրանույշ Պապյան

Комментариев нет:

Отправить комментарий