понедельник, 23 апреля 2012 г.

Աշոտյանն ո՞վ է, որ ռեկտոր հեռացնի

Թեեւ Հայաստանի բոլոր բուհերում առկա են նույնատիպ խախտումներն ու կոռուպցիան, սակայն նախընտրական թեժ շրջանում ՀՀԿ ակտիվիստ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանկարծ սեւեռվեց Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի վրա: Նախ Զոլյանին խիստ նկատողություն հայտարարեց՝ իրեն առանց տեղյակ պահելու արտասահմանում գիտաժողովին մասնակցելու կապակցությամբ, եւ երբ պատասխան հարված ստացավ Զոլյանից, հոխորտաց, թե հրապարակելու է բուհի կրթական գործունեության նկատմամբ իրականացրած վերահսկողության արդյունքների մասին ակտը: Մի խոսքով, ԿԳՆ-ն հրապարակեց, որ բուհում հայտնաբերվել են մի շարք լուրջ խախտումներ՝ սկսած ներքին կանոնակարգի ձեւակերպումներից, ընդհուպ գոյություն չունեցող մասնագիտություններով ուսանողների դիպլոմավորումը: Բնականաբար, այս ամենն անպատասխան չթողեց Զոլյանը: Բուհի ղեկավարությունը մանրամասնորեն հիմնավորել է աշոտյանական բացահայտումների «լրջության» մակարդակը, եւ երեկ գիտխորհրդի արտահերթ ընդլայնված նիստին ներկայացվեցին հիմնավորումներ, որ բուհի կրթական գործունեության նկատմամբ վերահսկողությունը կատարվել է  ՀՀ մի շարք օրենքների, մասնավորապես «ՀՀ տարածքում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի էական խախտումներով: Ներկայացրեցին նաեւ իրենց առարկությունները ԿԳՆ-ի մատնանշած խախտումների վերաբերյալ: Այս ամենն իհարկե ուղարկվել էր նաեւ նախարարություն: Սակայն գիտխորհրդի նիստից ժամեր անց  Աշոտյանը Զոլյանի հետ իր հակամարտությանը գորդյան լուծում տվեց՝  նախարարական լծակն ամբողջությամբ գործի դնելով եւ «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու» որոշում կայացնելով: Քիչ անց Զոլյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ Աշոտյանի այս քայլը հերթական  ինքնագործունեությունն է, քանի որ միակողմանի հնարավոր չէ ռեկտորին ազատել զբաղեցրած պաշտոնից: Ռեկտորին նշանակում եւ ազատում է վարչապետը: Մինչ  նախարարն այս հրովարտակը կարձակեր, ցերեկը Բրյուսովում կայացած գիտխորհրդի նիստին որոշվել էր վարչապետին վերստին տեղյակ պահել Աշոտյանի արկածախնդրության մասին, եւ եթե հարցն այդ ճանապարհով չլուծվի, բուհի բարի համբավը վերականգնել դատական ճանապարհով: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ու Աշոտյանն այդ թնջուկին փորձեց լուծում տալ՝ դադարեցնելով նրա լիազորությունները, ինչն իհարկե  Զոլյանն անօրինական է համարում: «Դա անօրինական հրաման է: Դե, ես ասեցի, որ իմ ու Աշոտյանի տարբերությունն այն է, որ ես գիտեմ, որ ես իրավունք չունեմ իրեն պաշտոնանկ անել, ինքն էլ գիտի, որ իրավունք չունի անելու, բայց ձեւացնում է, թե իբր իրավունք ունի: Իմ կարծիքով, պարոն Աշոտյանն այդպիսով ցույց է տվել իր անգրագիտությունը, իսկ դա արդեն վարչապետի խնդիրն է, ինչպե՞ս կարելի է հանդուրժել նման նախարարի»,-մեզ հետ զրույցում ասաց ռեկտորը՝ մատնանշելով, որ, օրենքի տառին հավատարիմ մնալով, ետ է ուղարկել հրամանը հետեւյալ հիմնավորմամբ. «Ղեկավարվելով «Պետական ոչ առեւտրային  կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ես պարտավոր եմ չկատարելու Ձեր՝ օրենսդրությանը հակասող 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանը, ուստի ես շարունակում եմ պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր:  Հորդորում եմ Ձեզ ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5-րդ ու 83.5-րդ հոդվածները, ինչպես նաեւ բուհական ոլորտը կարգավորող օրենքները եւ հիշեցնում, որ, ի հակառակ իր ցանկության ու պատկերացման, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի  15-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ կառավարության 31.10.2002 թ. թիվ 1929-Ն որոշման 37-րդ կետի համաձայն, ԵՊԼՀ ռեկտորն ընտրվում է ԵՊԼՀ խորհրդի կողմից, իսկ ընտրության արդյունքները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ, ուստի խորհուրդ եմ տալիս առաջնորդվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հետագա հակաօրինական քայլեր կատարելուց խուսափելու նպատակով»:  Թե ինչով կավարտվի Աշոտյան-Զոլյան թնջուկը, դեռ պարզ չէ: Այս պայքարում են արդեն ներքաշվել նաեւ ուսանողները, որոնք այսօր ԿԳՆ-ի առաջ բողոքի ակցիա են որոշել անել եւ պահանջել Աշոտյանի հրաժարականը: Իսկ ռեկտորն այսօր կրկին մեկնում է գործուղման՝ մասնակցելու է գիտական կոնֆերանսի, որտեղ զեկուցումով է հանդես գալու: Զոլյանն ասում է, որ ինքն անօրինական հրամաններ կատարել չի կարող: Իսկ մինչ այդ տարբեր մեկնաբանություններ են հնչում, թե Զոլյանը մյուս ռեկտորների պես չի ստրկացել իշխանության հրամանների առջեւ: Նաեւ խոսում են, թե Զոլյանը քոչարյանական խաղերի մեջ է: «Եթե դա այդպես է, ուրեմն ամենամեծ քոչարյանականը պարոն Աշոտյանն է, որ վարկաբեկում է թե կառավարությունը, թե կուսակցությունը»,-եզրափակեց Բրյուսովի ռեկտորը:

Комментариев нет:

Отправить комментарий